ABNews

«Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում» նոր հայտը հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում

Լուրեր | 2026/07/24 12:30

«Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում» նոր հայտը հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում

Կորեայի Հանրապետության Բուսան քաղաքում հուլիսի 19-29-ն ընթանում է Համաշխարհային ժառանգության կոմիտեի 48-րդ նստաշրջանը, որին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը՝ որպես առաջին անգամ կոմիտեի անդամ ընտրված երկիր: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հայաստանի պատվիրակության կազմում են ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և ազգային 5 փորձագետ: Պատվիրակությունը գլխավորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը:

Հայաստանի կողմից ներկայացված «Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում» նոր հայտը հաստատվել է Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում: Հայտը պատրաստվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Արենի-1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամի և «Հայաստանի էնոտուրիզմի խորհուրդ» հասարակական կազմակերպության միջև ավելի վաղ ստորագրված համագործակցության հուշագրի հիման վրա՝ «Հայաստանի էնոտուրիզմի խորհուրդ» հասարակական կազմակերպության ֆինանսավորմամբ։ Սա պետություն-մասնավոր համագործակցության ևս մեկ հաջողված օրինակ է:

Ինչպես նոր գրանցված հայտը, այնպես էլ նախորդ տարիներին գրանցված բոլոր հայտերը հասանելի են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքում՝ https://whc.unesco.org/en/statesparties/am:

Այսպիսով՝ Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում 1995 թվականին գրանցված 4 հայտերին վերջին 3 տարիների հետևողական աշխատանքի արդյունքում ավելացնում է ևս 4-ը:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը