Ժամանակին, մինչ մրցունակ լրատվամիջոցում աշխատանքի անցնելը, ռեզյումեումդ պետք է առնվազն մի քանի փորձնակություն (ինտերնշիփ) ունենայիր։ Իսկ աշխատավարձդ բարձրացնելու ու ավելի մեծ լսարան ունենալու համար փոխում էիր աշխատաշուկան կամ տարածաշրջանը։
Շատ լրագրողների համար սա դեռևս լրատվական ոլորտում հաջողակ կարիերա կառուցելու ուղին է։ Poynter-ը գրում է, որ շատ ուրիշների համար կարիերա սկսելը կամ նոր աշխատանք գտնելը գրեթե անհնարին է դարձել, քանի որ այս տարվա առաջին կեսին կրճատումների և հաստիքների փակման պատճառով հարյուրավոր աշխատատեղեր պարզապես օդս ցնդեցին լրատվամիջոցներում։ Հրատարակիչները սա պատճառաբանում են արտադրական թիմերի վերակառուցման, թվային լրագրության վրա կենտրոնանալու անհրաժեշտությամբ, ինչպես նաև գովազդային եկամուտների տարիներ շարունակվող նվազամբ։
Այսպիսով, ինչպե՞ս մնալ լրագրության մեջ, երբ ավանդական խմբագրություններում աշխատատեղերն ավելի ու ավելի են քչանում։
Poynter հարթակի շրջանակներում վերջերս մի երիտասարդ լրագրողից էլեկտրոնային նամակ ստացա (նա խնդրեց անանուն մնալ), որտեղ հարցերի մի ամբողջ շարք կար։ Դրանք արտացոլում են շատերի աճող անհանգստությունը՝ արդյոք լրագրության մեջ դեռ գոյություն ունի՞ կայուն կարիերայի ուղի։ Նա գրում է.
«Ո՞րն է այսօր ընդունելի ոչ լրագրողական աշխատանքի և այնպիսի գործունեության սահմանը, որը ապագայում կստիպի ավանդական խմբագրությանը չաշխատեցնել ինձ։ Օրինակ՝ ուզում եմ դառնալ տեխնոլոգիական ոլորտի լրագրող։ Արդյո՞ք դա նշանակում է, որ ես երբեք չեմ կարող աշխատել Apple-ում կամ Anthropic-ում։
Արդյո՞ք ոչ լրագրողական աշխատանքին զուգահեռ Substack-ով սեփական լսարան ձևավորելը լրագրողական փորձ ձեռք բերելու իրատեսական ռազմավարություն է։
Դուք ընդհանրապես խորհուրդ տալի՞ս եք ուսանողներին ձգտել ավանդական լրագրողական աշխատանքի, թե՞ կարծում եք, որ պետք է շեշտը դնել ինքնուրույն հրատարակչության, Substack-ի ու «լրատվական ինֆլուենսեր» դառնալու վրա»։
Երբ ավելի երիտասարդ էի, ամբողջովին հավատում էի այն «կանոններին», որոնք մեզ սովորեցնում էին լրագրողական կարիերա կառուցելու համար։ Մեր մենթորներն ասում էին․ «Պետք է աշխատես էթիկայի բարձր հեղինակություն ունեցող վայրում, նույնիսկ եթե քիչ ես վարձատրվում կամ ստիպված ես ապրել ընտանիքիցդ ու մանկության ընկերներիցդ հեռու»։ Բոլորս ուզում էինք նմանվել Բոբ Վուդվորդին, Քոնի Չանգին, Քրիստիան Ամանպուրին։
Հետո, երբ 2010-ականներին թվային մեդիան կլանվեց «քլիքերի պատերազմով» (ինչի լավագույն ապացույցն էր այն, թե ինչպես էր 800,000 մարդ հետևում, թե ինչպես են BuzzFeed-ի աշխատակիցները 686 ռետինե ժապավեն փաթաթում ձմերուկի շուրջը), սկսեցի կասկածել, որ կանոնները փոխվում են։ Շատ չանցած՝ BuzzFeed-ի և Gawker-ի նման թվային հարթակների առաջատար հեղինակներն ու խմբագիրները սկսեցին աշխատանքի անցնել The New York Times-ում։
Այդ ձմերուկի պայթյունից մեկ տասնամյակ անց լրագրության ոլորտի ապագան էլ ավելի անորոշ է թվում։ Արհեստական բանականության չաթբոտերը փոխում են տեղեկատվություն գտնելու ձևը, կրճատումները դարձել են ցավալիորեն սովորական, իսկ վստահությունը մեդիայի նկատմամբ, կարծես, գահավիժում է։
Երբ մարդիկ ինձ հարցնում են, թե ինչ անեն հետո, ես ասում եմ՝ շարունակեք դիմել աշխատանքների համար, կապեր հաստատել (networking), հղկել ռեզյումեն ու հմտությունները։ Խոսում եմ որպես լրագրող աճելու, մենթորներ գտնելու և շատ կարդալու կարևորության մասին։ Հիշեցնում եմ, որ շատ հաստիքների մասին հայտարարություններ երբեք չեն հրապարակվում․ հենց բյուջեն հաստատվում է, աշխատանքը հաճախ բաժին է հասնում խմբագրի ծանոթներին։ Ուստի պետք չէ հույսը դնել միայն հայտարարությունների վրա։
Միևնույն ժամանակ, հավատացած եմ, որ լրագրության ապագան կախված է պատմություններ պատմելու (storytelling) նոր, ավելի ուժեղ դարաշրջան ստեղծելու մեր ունակությունից։ Դա չի նշանակում, թե պետք է հրաժարվենք այն արժեքներից, որոնք մեզ բերել են այս ոլորտ։ Բայց դա նշանակում է ճկուն լինել այն հարցում, թե ինչ է նշանակում լրագրողական կարիերան այսօր։
Գրե՛ք այդ Substack-ը։ Սկսե՛ք բացատրական (explainer) տեսանյութերի շարք Instagram-ում, YouTube-ում կամ TikTok-ում։ Փորձարկե՛ք ուղիղ/կենդանի լրագրությունը (live journalism)։ Սովորե՛ք դիմահարդարման, նորաձևության և ճանապարհորդական ամենահաջողակ ինֆլուենսերներից, որոնք հիանալի հասկանում են, թե ինչպես գրավել ու պահել լսարանի ուշադրությունը։
Այս ամենն անելը չի նշանակում, որ պետք է պարտադիր անկախ լրագրող դառնաք։ Դուք կարող եք գնալ այդ ուղով, միանալ մեդիա ստարտափի կամ անգամ ինքնուրույն կազմել աշխատանքի նկարագրությունն ու այն առաջարկել ավանդական խմբագրությանը, որն ունի ձեր տաղանդի կարիքը։
Ինչ վերաբերում է այն մտքին, թե այլ ոլորտներում աշխատելով չեք կարող հմտություններ ձեռք բերել կամ հոգալ ծախսերը, ես կտրականապես համամիտ չեմ։ Աշխատել եմ կրթական ոլորտի հրաշալի լրագրողների հետ, որոնք նախկինում ուսուցիչ են եղել։ Հրատապ նորությունների իմ ամենասիրելի փորձնակներից մեկը նախկինում թատերական պրոդյուսեր էր։ Բազմաթիվ ճանաչված խմբագիրներ աշխատել են ուղեղային կենտրոններում (think tanks) կամ համալսարաններում։ Այդպիսի անցում կատարելիս օգտակար է ռեզյումեում և ուղեկցող նամակում (cover letter) բացատրել, թե ինչպես է ոչ լրագրողական փորձը ձեզ դարձնում ավելի ուժեղ թեկնածու։
Այնուամենայնիվ, նույնիսկ երբ տեղեկատվության փոխանցման ձևերը փոխվում են, կան ավանդական խորհուրդներ, որոնք հորդորում եմ լրագրողներին հաշվի առնել․
Քաղաքական և սոցիալական հարցերի վերաբերյալ սեփական կարծիք հայտնելը հակասում է ավանդական խմբագրությունների քաղաքականությանը։ Եթե ապագայում տեսնում եք ձեզ «հարդ» (օբյեկտիվ/փաստացի) նորությունների ոլորտում, ապա ավելի լավ է խուսափել հանրային քաղաքական բանավեճերից։
Ավանդական լրատվամիջոցները պահանջում են հետևել մասնագիտական չափանիշներին։ Խուսափեք հանրային հարթակներում այնպիսի քայլերից (օրինակ՝ հայհոյանքներով լեցուն գրառումներ), որոնք կարող են ձեզ անընդունելի դարձնել գործատուի համար։
Ընդունեք և հարգեք լրագրողական էթիկան։ Ստուգեք տեղեկատվությունը նախքան հրապարակելը։ Մի՛ արեք գրագողություն։ Մի՛ ընդունեք վճարումներ աղբյուրներից։ Ներկայացրեք արդար, ճշգրիտ և լավ աղբյուրավորված տեղեկատվություն տարբեր տեսանկյուններից։ Սրանք այն չափանիշներն են, որոնք ապահովում են տեղեկատվության վստահելիությունը։
Լրատվության մատուցման և սպառման ձևերը առաջիկա տասնամյակներում շարունակելու են կտրուկ փոխվել։ Անհամբերությամբ սպասում եմ, թե ինչ լուծումներ կգտնեն մեր ամենապայծառ մտքերը՝ լրատվամիջոցների նկատմամբ անտարբերությունն ու անվստահությունը հաղթահարելու համար։ Հույս ունեմ, որ լրագրողները նոր ձևեր կգտնեն, որպեսզի մարդիկ օրվա կարևորագույն պատմություններին հետևեն նույն հետաքրքրասիրությամբ, ինչով դիտում են, օրինակ, ASMR, OOTD կամ ձմերուկի պայթելու տեսանյութերը։
Մեր ոլորտի ապագան կախված է նորարարությունից։ Այն կախված է ձեզանից, ձեր հիանալի գաղափարներից և ինքներդ ձեզ վստահելու ու բարդ քայլ անելու պատրաստակամությունից՝ լինել տարբերվող։

