Հոկտեմբերի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործմանը՝ ընդգծելով, որ այն արդեն իսկ գործում է, ունի թողարկում ու արտահանում, իսկ դրա բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա «նվազագույն է»։
Ինչու է դա կարևոր. Ամուլսարի հանքավայրի լիարժեք շահագործումը Հայաստանի տնտեսական աճի հիմնական դրայվերներից է: Նախարարի գնահատմամբ՝ հանքը 1.5-2%-ով ավելացնելու է ՀՀ ՀՆԱ-ն, իսկ ստացված հարկային եկամուտները թույլ կտան ֆինանսավորել բնապահպանական, կրթական ու ենթակառուցվածքային խոշոր նախագծեր:
Գևորգ Պապոյանի հայտարարության առանցքային թեմաներն ու թվերը.
Տնտեսական ու հարկային ազդեցությունը.
Հարկային մուտքեր. Եկող տարի (ոսկու ընթացիկ գների պահպանման դեպքում) հանքը պետական բյուջե է վճարելու մինչև 130 միլիոն դոլար հարկ (ոսկու թանկացման դեպքում՝ ավելի շատ):
Ազդեցությունը ՀՆԱ-ի վրա. Հանքն ապահովելու է 1.5–2% ՀՆԱ-ի աճ, կտրուկ ավելացնելով արտահանման ծավալները:
Աշխատատեղեր. Հանքում արդեն աշխատում է 1,600 մարդ, իսկ անուղղակիորեն ստեղծվել է մինչև 4,000 աշխատատեղ:
Բնապահպանություն և տեխնոլոգիաներ.
«Աշխարհում չկա հանք, որ շրջակա միջավայրի վրա չի ազդում, բայց խնդիրն այն է, որ այդ ազդեցությունը լինի մինիմալ»: Նախարարի խոսքով՝ հետազոտությունները ցույց են տվել, որ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը շատ փոքր է:
Հանքի շահագործումն իրականացվում է ամենավերջին տեխնոլոգիաներով՝ ԱՄՆ (Մոնտանա) և Կանադայի առաջատար հանքերի չափանիշներին համապատասխան:
Ռազմավարական տեսլական.
Հանքարդյունաբերությունից ստացված միջոցները դրվելու են անտառատնկման, ջրամբարաշինության, Սևանա լճի պահպանման, կրթության և հանրային առողջապահության վրա:
«Մեր տնտեսությունն այլևս անհնար է պատկերացնել առանց Ամուլսարի և ԶՊՄԿ-ի: Մենք պատրաստվում ենք լինել տնտեսապես ուժեղ երկիր, որտեղ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն այս տարի կանցնի 10,000 դոլարը, իսկ առաջիկայում պետք է անցնի 15-20 հազար դոլարը», — ընդգծել է Պապոյանը:


