Apple-ը հայտնել է, որ տեղյակ է iPhone Duo սմարթֆոնների ներքին էկրանի հետ կապված խնդրից, որն ի հայտ է եկել վաճառքի մեկնարկից ընդամենը օրեր անց, հայտնում է BBC-ն։
Սոցիալական ցանցերում հայտնված լուսանկարներում հստակ երևում են ընկերության պատմության մեջ առաջին ծալվող սմարթֆոնի էկրանին առաջացած գծերը։ Հիշեցնենք, որ սարքի մեկնարկային գինը Մեծ Բրիտանիայում կազմում է 1,999 ֆունտ ստերլինգ (մոտ 2,668 ԱՄՆ դոլար)։
Apple-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ տեղյակ են «սարքերի փոքր քանակության ներքին էկրանների վրա ազդող խնդրի մասին» և հորդորել են տուժած օգտատերերին դիմել ընկերությանը՝ սարքավորումը փոխարինելու համար:
iPhone Duo-ի վաճառքի մեկնարկը, որն անցյալ շաբաթ մեծ հերթեր էր առաջացրել Apple Store-երի առջև ամբողջ աշխարհում, փորձ է՝ վերակենդանացնելու ապրանքանիշի մոդելային շարքը և մրցակցելու մյուս արտադրողների ծալվող սմարթֆոնների հետ:
Ճաքեր, գծեր և «խրթխրթոց»
Սարքի որոշ սեփականատերեր համացանցում հրապարակել են լուսանկարներ, որոնցում ճաքեր են երևում էկրանի կենտրոնական ծալքի երկայնքով, իսկ մյուսները հայտնել են սարքը բացելիս լսվող տարօրինակ խրթխրթոցի մասին:
iPhone Duo-ի օգտատերերից Ջասթին Լոկոսը տեղադրել է լուսանկար, որտեղ հստակ երևում են էկրանի աջ հատվածում առաջացած գծերը: Ավելի ուշ նա հրապարակել է մեկ այլ նկար՝ կողք կողքի ցուցադրելով վնասված և Նյու Յորքի Apple Store-ից ստացված նոր սմարթֆոնը՝ շնորհակալություն հայտնելով արագ աջակցության համար:
Խնդրի իրական մասշտաբները դեռևս անհայտ են: Apple-ը չի հստակեցրել, թե քանի սարք է վնասվել, իսկ ցանցում հայտնված որոշ լուսանկարներ կարող են ստեղծված լինել արհեստական բանականության (AI) միջոցով:
IDC հետազոտական ընկերության տեխնոլոգիական վերլուծաբան Ֆրանցիսկո Խերոնիմոն նշել է, որ նման լուսանկարների պատճառով անհրաժեշտ է զգուշավորություն ցուցաբերել՝ նախքան ամբողջ արտադրաքանակի վերաբերյալ վերջնական եզրահանգումներ անելը:
Այնուամենայնիվ, նա հավելել է, որ այս վաղ ահազանգերը փաստում են. «Նույնիսկ Apple-ի նման ինժեներական ռեսուրսներ և մատակարարման հզոր շղթա ունեցող ընկերությունը ծալվող սարքերի ոլորտում բախվում է լուրջ փորձությունների»։
Պրեմիում դասի ապրանք
iPhone Duo-ի 7.6 դյույմանոց (19.3 սմ) ներքին էկրանը միացված է կենտրոնական ծխնիով (hinge)։ Սա բարդ ինժեներական լուծում է, որը նախկինում նմանատիպ խնդիրների պատճառ էր դարձել նաև Apple-ի մրցակիցների համար:
Օրինակ՝ Samsung-ի առաջին ծալվող սմարթֆոնը՝ Galaxy Fold-ը, 2019 թվականին նույնպես ձախողվել էր մեկնարկային փուլում, երբ ակնարկողները հայտնել էին էկրանների կոտրվելու մասին:
Android համակարգով աշխատող սմարթֆոնների սպառողներն արդեն ունեն ծալվող սարքերի լայն ընտրություն. տեխնոլոգիա, որը Apple-ը տարիներ շարունակ մշակում էր նախքան Duo-ի թողարկումը:
Սա Apple-ի պատմության մեջ ամենաթանկ iPhone-ն է, որի ամենահագեցած մոդելների գինը հասնում է մինչև 3,199 ֆունտ ստերլինգի:
Վերլուծաբան Խերոնիմոյի խոսքով՝ քանի որ Apple-ը Duo-ն դիրքավորել է որպես արդեն իսկ գոյություն ունեցող ծալվող սարքերի «պրեմիում այլընտրանք», այն, թե «ինչպես ընկերությունը կլուծի առաջին սերնդի այս խնդիրը, ձևավորելու է գնորդների վստահությունը ողջ ոլորտի նկատմամբ»։
«Apple-ն ունի հավատարիմ հաճախորդների բազա և ցանցային խանութներ, որոնք կարող են տեղում փոխարինել սարքերը: Սակայն հոկտեմբերի 30-ին նախատեսված ևս 28 շուկաներում մեկնարկից առաջ ընկերությունը պետք է շտապ հստակեցնի իր երաշխիքային քաղաքականությունը», — ընդգծել է նա:
Duo-ն վերջին գրեթե երկու տասնամյակի ընթացքում iPhone-ի առաջին խոշոր վերադիզայնն է: Այն ներկայացրել է ընկերության նոր գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Թերնուսը, ով սեպտեմբերին փոխարինեց Թիմ Կուկին:
Փակ վիճակում Duo-ն հիշեցնում է լայնացված iPhone, իսկ բացվելիս վերածվում է փոքր պլանշետային համակարգչի:
«Մյուս արտադրողները ստեղծել են ծալվող սարքեր, որոնք պարզապես անհարմար ձևով իրար կպցրած երկու հեռախոսի տպավորություն են թողնում», — անցյալ ամիս Կալիֆոռնիայում գտնվող Apple-ի կենտրոնակայանում հայտարարել էր Թերնուսը՝ հավելելով, որ Duo-ն «լրիվովին վերասահմանելու է ծալվող սմարթֆոններից օգտվելու փորձառությունը»:


