ԱՄՆ-ում Regular տեսակի բենզինի մեկ գալոնի (3,79 լիտր) միջին գինը կրկին հասել է 4 դոլարի։ Դիզելային վառելիքի արժեքն իր հերթին գերազանցել է 5 դոլարի շեմը՝ հասնելով 5,1 դոլարի։ Այս մասին հայտնել է Ազգային ավտոմոբիլային ասոցիացիան (AAA)։
Հուլիսի 20-ի դրությամբ արձանագրված ցուցանիշները գերազանցում են ամսվա սկզբի տվյալները․ հուլիսի սկզբին բենզինի գալոնն արժեր 3,84 դոլար, իսկ դիզելինը՝ 4,81 դոլար։
Ամենաթանկ վառելիքը Կալիֆոռնիայում է, որտեղ մեկ գալոնի գինը հասել է 5,49 դոլարի։ Երկրի միջին ցուցանիշից զգալիորեն բարձր գներ են արձանագրվում նաև Արևմտյան ափի մյուս նահանգներում, Ալյասկայում, Իլինոյսում, Նյու Յորքում և Փենսիլվանիայում։
ԱՄՆ-ում բենզինի միջին գնի պատմական ռեկորդը գրանցվել է 2022 թվականի հունիսին, երբ մեկ գալոնի արժեքը գերազանցել էր 5 դոլարը։

