Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ ակտիվորեն ընթանում են Հայաստանի տարածքով անցնող, ադրբեջանական կողմից հիշատակվող «Զանգեզուրի միջանցքի» ավտոմոբիլային և երկաթուղային գծերի կառուցման նախապատրաստական աշխատանքները։
Վաշինգտոնի գագաթնաժողովի «համաձայնությունը»
Ըստ Ադրբեջանի արտաքին գործատեսչության ղեկավարի՝ նախագծի շուրջ առանցքային առաջընթացը գրանցվել է անցյալ տարի ԱՄՆ մայրաքաղաքում տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպման ժամանակ: Բայրամովը նշել է, որ այդ գագաթնաժողովի ամենակարևոր արդյունքներից մեկը եղել է հենց Հայաստանի տարածքով անցնող հատվածի վերաբերյալ համաձայնությունը։
Միացյալ Նահանգների դերը և տեղեկատվության փոխանակումը
Բայրամովը շեշտել է, որ պաշտոնական Վաշինգտոնն իր աջակցությունն է հայտնել այս գործընթացին, և ներկայումս բանակցային հիմնական դիսկուրսն ընթանում է ուղիղ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև:
«Միացյալ Նահանգները նույնպես աջակցում է դրան։ Այս հարցի շուրջ բանակցություններ են ընթանում Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև։ Սակայն TRIPP-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Հետևաբար, մենք տեղեկատվություն ենք ստանում մեր ամերիկացի գործընկերներից»,- պարզաբանել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:
Նա հավելել է, որ ամերիկյան կողմն Ադրբեջանին վստահեցրել է գործընթացի անհատնում շարունակականության մասին. ներկայումս կողմերը գտնվում են փաստաթղթերի վերջնական պատրաստման փուլում։

