ԱԳ նախարարը՝ ՀՀ-ԵՄ և եվրոպական երկրների հետ համագործակցության խորացման մասին

Նախարարը հավելել է, որ վերջին ամիսներին նմանատիպ համաձայնություններ արդեն ձեռք են բերվել մի շարք երկրների հետ, մասնավորապես՝ Գերմանիայի։

Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել եվրոպական տարածաշրջանում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը։

ԱԳ նախարարության հաղորդմամբ՝ իր բացման խոսքում Միրզոյանը նշել է, որ վերջին ամիսներին եվրոպական ուղղությամբ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում զգալի զարգացումներ են արձանագրվել։

Նրա խոսքով՝ Հայաստանի և մի շարք եվրոպական երկրների միջև ակտիվորեն քննարկվում են ռազմավարական համագործակցության ձևաչափեր։

«Բազմաթիվ երկրների հետ ռազմավարական համագործակցություններ են քննարկվում։ Մեկ շաբաթից կտեսնենք նաև Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը»,- նշել է Միրզոյանը։

Նախարարը հավելել է, որ վերջին ամիսներին նմանատիպ համաձայնություններ արդեն ձեռք են բերվել մի շարք երկրների հետ, մասնավորապես՝ Գերմանիայի։

Միրզոյանը նաև ընդգծել է, որ համագործակցության ձևաչափերը տարբեր են՝ կախված կոնկրետ փաստաթղթից․ որոշ դեպքերում խոսքը ռազմավարական գործընկերության հաստատման մասին է, այլ դեպքերում՝ գործընկերության ռազմավարական օրակարգի։

Նրա խոսքով՝ նման օրինակ է նաև Եվրոպական միության հետ ստորագրված «Գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը։