Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև ստորագրվել է TRIPP տրանսպորտային ենթակառուցվածքային խոշոր նախագծի շուրջ համաձայնագիրը: Այս մասին այսօր՝ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման մեկնարկին, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության ղեկավարի բնորոշմամբ՝ ամերիկյան կողմի հետ կնքված այս պայմանագիրը «իրավիճակ փոխող» նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ այն հանդիսանում է հայկական կողմի առաջադրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի գործնական հիմքը:
«Հայաստանի Հանրապետությունը հակամարտության փակուղուց վեր է ածվում խաղաղության խաչմերուկի: Սա, իհարկե, մեծ իրադարձություն է մեր երկրի կյանքում: 2026 թվականին արդեն գետնի վրա կսկսվեն իրական աշխատանքները», - ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ առաջիկայում կմեկնարկի փաստաթղթի խորհրդարանական վավերացման գործընթացը:
Երկաթուղային ենթակառուցվածքների արդիականացումը և Ախուրիկ-Գյումրի հատվածը
«Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի համատեքստում վարչապետը կարևորեց երկրի ներսում երկաթուղային ցանցի վերականգնումը: Մասնավորապես, արդեն իսկ պետական բյուջեի միջոցներով հայտարարվել է Ախուրիկ-Գյումրի երկաթուղային հատվածի վերականգնման մրցույթը, ինչը Թուրքիայի հետ սահմանային ենթակառուցվածքների պատրաստման հստակ քայլ է:
Փաշինյանը նաև հայտնեց, որ կառավարությունը մտադիր է երկաթուղային ոլորտում նոր խոշոր ծրագրեր կյանքի կոչել միջազգային այլ գործընկերների հետ համատեղ՝ նպատակ ունենալով Հայաստանը լիարժեքորեն ներգրավել տարածաշրջանային լոգիստիկ շղթաներում:

