«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ 2023թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը
Լուրեր |
2023թ․ ՀՀ տնտեսությունում դեռևս պահպանվել են 2022թ.-ին բարձր աճ ապահովող արտաքին գործոնների ազդեցությունները (թեև որոշակի նվազում արձանագրելով), ինչպես նաև առաջացել են նոր՝ աճի վրա դրականորեն ազդող գործոններ, ինչի արդյունքում տնտեսական աճը եղել է ավելի բարձր, քան կանխատեսվում էր կառավարության կողմից։ ՀՀ տնտեսական աճը կազմել է 8.7%, այն դեպքում, երբ բյուջեի հիմքում դրված սցենարում թիրախավորվել էր 7․0%, իսկ տարվա ընթացքում այն վերանայվել էր դեպի վերև՝ հասնելով 7.4%-ի։
Բարձր տնտեսական աճը, բնականաբար, դրական երևույթ է հարկաբյուջետային քաղաքականության տեսանկյունից, քանի որ մի կողմից՝ սպասվածից ավելի շատ եկամուտ է ձևավորվում` թույլ տալով ավելի մեծ ծախսեր իրականացնել, մյուս կողմից՝ ավելանում է հարկաբյուջետային տարածքը՝ պարտք/ՀՆԱ ցուցանիշի նվազման հաշվին։
Այդուհանդերձ, 2023թ. արագացված տնտեսական աճը «որակյալ» չէր ինչպես հարկաբյուջետային քաղաքականության, այնպես էլ երկարաժամկետ կայունության տեսանկյունից։ 7.4% կանխատեսման և 8.7% փաստացի աճերի միջև մեծամասամբ ընկած է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կտրուկ աճ գրանցած ոսկերչական գործունեության ազդեցությունը։ Վերջինս հիմնված է արտաքին գործոնների վրա, որոնք ժամանակավոր են և ցանկացած պահի կարող են կտրուկ փոխվել։
Թեև այդ գործունեությունը շարունակվում է նաև 2024թ.-ին, այն պետք է դիտարկել որպես կարճաժամկետ երևույթ և միջոցներ ձեռնարկել տնտեսության մյուս հատվածների վրա հնարավոր բացասական ազդեցությունները չեզոքացնելու համար։ Հարկաբյուջետային դրական ազդեցություն այդ գործունեության տեսակը ևս չի ունեցել, քանի որ չի նպաստել հարկային եկամուտների ավելացմանը։
Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը հաշվետու տարում բավական կտրուկ բարելավվել է` 22.7%-ից դառնալով 23.4%։ Սակայն այստեղ նույնպես առկա է ժամանակավոր երևույթ, մասնավորապես՝ 2022թ. բանկային համակարգում գրանցված շահույթների կտրուկ աճի արդյունքում 2023թ. վճարված շահութահարկը, որը նպաստել է հարկեր/ՀՆԱ-ի բարելավմանը շուրջ 0.8 տոկոսային կետով։ Շահույթների աճը 2023թ. չի շարունակվել նույն կերպ, ինչը հուշում է, որ դա նույնպես ժամանակավոր է, և 2024թ. նույն չափով բարելավում գրանցելը խնդրահարույց կլինի։
Կապիտալ ծախսերի կատարողականը շարունակում է էական խնդիր մնալ, հատկապես արտաքին ֆինանսավորմամբ ծախսերի պարագայում, թեև ընդհանուր կապիտալ ծախսերի կատարողականը որոշակիորեն բարելավվել է նախորդ տարվա համեմատ։ 2023թ. կապիտալ ծախսերի կատարողականը ճշտված ծրագրի նկատմամբ կազմել է 95.8%՝ նախորդ տարվա 94.9%-ի համեմատ բարելավվելով 0.9 տոկոսային կետով, մինչդեռ պետական բյուջեի տարեկան պլանի նկատմամբ կատարողականը կազմել է 88.6%։
Հատկանշական է, որ արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի կատարողականը (առանց պետական բյուջեի համաֆինանսավորման) ճշտված ծրագրի նկատմամբ կազմել է 92.5%, իսկ բյուջեի նախնական պլանային ցուցանիշի նկատմամբ կազմել է ընդամենը 58.9%: Սա ցույց է տալիս, որ կապիտալ ծրագրերի կառավարման և իրականացման արդյունավետության բարձրացման խնդիրը շարունակում է մնալ չլուծված։
Մի շարք կարևոր ծրագրերի գծով գրանցվել են էական թերակատարումներ։ Մասնավորապես, Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման ներդրումային ծրագրի (այն նախատեսում է ճանապարհային հանգույցների և ավտոբուսների դեպոների կառուցում), քաղաքային զարգացման ծրագրի, գյուղական ենթակառուցվածքների վերականգնման և զարգացման, պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտությունների, «Ապահով դպրոց» և այլ ծրագրերի գծով գրանցվել է ավելի քան 10%, որոշ դեպքերում ավելի քան 20-30% թերակատարումներ։
Այս երևույթը բնականաբար իր բացասական հետևանքները կունենա երկարաժամկետում՝ հաշվի առնելով այն, որ նշվածները հիմնականում զարգացմանն ուղղված ծրագրեր են։ Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը աճել է՝ չնայած նրան, որ պակասուրդ/ՀՆԱ-ն նվազել է։ Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը 2023թ. աճել է 1.4 տոկոսային կետով՝ հիմնականում պայմանավորված պետական բյուջեից զուտ վարկավորման աճով, ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկմամբ և իրական տոկոսադրույքի աճով։ Տարվա ընթացքում պարտք/ՀՆԱ-ն նվազեցնող գործոններ են եղել տնտեսական աճը և պակասուրդի նվազումը։
Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
BRAND: AGHVORIK
2026/04/17/ 11:52 -
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հայտնի են հասցեները
2026/04/17/ 11:44 -
ԱԺ նախագահը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ
2026/04/17/ 11:42 -
Արդար, թափանցիկ և թվային ապագա․ ՊԵԿ նախագահը հանդիպել է հարկ վճարողների հետ
2026/04/17/ 11:22 -
ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի դեմ «Տնտեսական զայրույթ» գործողության մեկնարկի մասին
2026/04/17/ 11:19 -
ԵՄ-ը պատրաստվում է ընդունել ՌԴ դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
2026/04/17/ 11:15 -
Ապրիլի 18-ին Հայաստանում կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված հուշարձանների միջազգային օրվան
2026/04/17/ 11:09 -
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
2026/04/17/ 10:32 -
Ապրիլի 16-ի կարևոր լուրերը
2026/04/16/ 20:00 -
Ապրիլի 16-ի բիզնես լուրերը
2026/04/16/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ․
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
Սևանում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ԿԲ ցուցահանդեսը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․