Երևանը նախապատրաստվում է հնարավոր վարարումներին. մաքրվում են Գետառի և Ողջաբերդի հուները

Հատուկ ուշադրություն է դարձվում թունելային հատվածների թողունակությանը և ջրամբարների անվտանգ շահագործմանը։

ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում՝ նվիրված առատ տեղումների հետևանքով մայրաքաղաքին հարող գետերում և ջրամբարներում ստեղծված իրավիճակին։ Չնայած առաջիկա օրերին ինտենսիվ տեղումներ չեն կանխատեսվում, սակայն ձնհալն ու ջերմաստիճանային տատանումները պահպանում են ջրի մակարդակի բարձրացման ռիսկերը։

Այս պահին ակտիվ մաքրման աշխատանքներ են ընթանում Գետառ և Ողջաբերդ գետերի հուներում, նախատեսվում են միջոցառումներ նաև Հրազդան գետի հատվածներում։ Հատուկ ուշադրություն է դարձվում թունելային հատվածների թողունակությանը և ջրամբարների անվտանգ շահագործմանը։ Ռիսկերը համակարգված կառավարելու համար որոշվել է ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կզբաղվի վտանգավոր գոտիների քարտեզագրմամբ և կանխարգելիչ գործողությունների մշակմամբ։