Հայ-չինական հարաբերությունները միջազգային գիտաժողովի քննարկման առարկա
ԳԱԱ արևելագիտության ինստիտուուտը Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի համագործակցությամբ երկու տարվա ընթացքում արդեն 5-րդ միջազգային գիտաժողովն է կազմակերպում: Քննարկվող թեմաներն ամեն անգամ տարբեր են, իսկ այս անգամ Չինաստանից ժամանած հյուրերի հետ Չինաստանի արդիականացման ու Հայաստան-Չինաստան հարաբերությունների շուրջ են խոսել գիտաժողովի մասնակիցները:
__________________________________________________________________________________
Հարգարժա՛ն պարոն Գևորգյան, պարոն Սարգսյան, տիկին Իսկանդարյան, տիկնայք և պարոնայք, ողջունում եմ բոլորիդ։
Ուրախ եմ ներկա գտնվել Հայաստանի գիտությունների ակադեմիայի կողմից կազմակերպված «Չինաստանի արդիականացումը. Հայաստան-Չինաստան հարաբերություններ» միջազգային գիտաժողովին և բոլորիդ հետ քննարկել Չինաստանի արդիականացման փորձը և հայ-չինական հարաբերւթյունների զարգացման նոր ուղիներն ու հեռանկարները։
Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Գիտությունների ակադեմիային, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանին և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին միջոցառման կազմակերպմանը մեծ աջակցություն ցուցաբերելու համար և հրավիրում եմ բոլոր մասնագետներին և հետազոտողներին ակտիվորեն մասնակցել գիտաժողովին, կիսվել գաղափարներով և պատկերացումներով և բացահայտել հայ-չինական բարեկամության ներուժը և նոր հեռանկարները։
1. Չինական ոճով արդիականացման բովանդակությունը
Ժամանակակից աշխարհի հիմնական ուղղություններն են խաղաղությունն ու զարգացումը, և արդիականացմանը հասնելը դարձել է բազմաթիվ զարգացող երկրների ընդհանուր նպատակը։ Բազմաթիվ երկրների առջև ծառացած կարևորագույն խնդիրներից են՝ ինչպե՞ս հասնել արդիականացմանը և զարգացման ո՞ր ուղին ընտրել։
Ավելի քան հարյուր տարիների ընթացքում Չինաստանի Կոմունիստական կուսակցության ճիշտ ղեկավարման արդյունքում չին ժողովուրդը, անցնելով բազմաթիվ դժվարությունների միջով, երկարատև փնտրտուքներից հետո գտել է արդիականացման իր ուրույն և հաջողակ ճանապարհը, այն է՝ արդիականացում չինական ոճով։ Արդիականացումը հնարավորություն է ընձեռել Չինաստանին աղքատ երկրից արագորեն վերածվել աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսության և հասնել մի շարք ուշագրավ ձեռքբերումների։
Չինաստանի ձեռքբերումները կերտեցին մարդկային քաղաքակրթության նոր ձև, ներկայացրին արդիականացման նոր պատկեր, կոտրեցին այն սխալ կարծրատիպը, ըստ որի «արդիականացումը հավասար է արևմտականացման» և օրինակելի դարձան հատկապես զարգացող երկրների համար։
Չինական ոճով արդիականացումը Չինաստանի Կոմունիստական կուսակցության գլխավորած սոցիալիստական արդիականացումն է։ Այն ունի բոլոր երկրներին բնորոշ արդիականացման ընդհանուր բնութագրեր, ինչպես նաև Չինաստանին բնորոշ բնութագրեր՝ հիմնված մեր պետության ազգային և սոցիալական պայմանների վրա:
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ՉԿԿ-ի 20-րդ համագումարի շրջանակներում հանգամանորեն ներկայացրել էր չինական ոճով արդիականացման հինգ ոլորտները, ինչպիսիք են՝ արդիականացում ազգաբնակչության թվի, մարդկանց ընդհանուր բարեկեցության և բարգավաճման, նյութական և հոգևոր մշակույթների փոխկապակցման, մարդկանց և բնության ներդաշնակ համակեցության և խաղաղ զարգացման ոլորտներում։
Աշխարհի առջև դռներ բացելը չինական ոճով արդիականացման տարբերակիչ խորհրդանիշներից է։ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը միշտ ամուր կանգնած է եղել ճշմարիտ պատմության և մարդկային քաղաքակրության առաջընթացի կողմում։ Կուսակցությունն իր լայն աշխարհընկալումով միավորել է Չինաստանի զարգացումը աշխարհի զարգացման հետ։ Կուսակցությունը ձեռնամուխ է եղել փոխշահավետ համագործակցության միջոցով խաղաղ զարգացմանը հասնելուն, ինչը ոչ միայն օգուտ է բերել չին ժողովրդին, այլև նպաստել աշխարհի ընդհանուր զարգացմանը։
Չինաստանը աշխարհի հավասար և կանոնավոր բազմաբևեռացման և ներառական տնտեսական գլոբալացման աջակիցն է, հավատարիմ է ողջ մարդկության ընդհանուր արժեքների առաջխաղացմանը, նպաստում է այսպես կոչված «մարդկության համար ընդհանուր ապագա ունեցող համայնքի» կառուցմանը և իր զարգացմամբ անընդհատ նոր հնարավորություններ է տալիս աշխարհին:
Գլոբալ փոփոխությունների պայմաններում Չինաստանը միշտ հավատարիմ է եղել համաշխարհային խաղաղության և միջազգային արդարության պահպանմանը, առաջ է քաշել գլոբալ կառավարման համակարգի բարեփոխումների անհրաժեշտության խնդիրը, նպաստել է միջազգային և տարածաշրջանային կարևոր խնդիրների և հակամարտությունների քաղաքական լուծումներին և իր իմաստությունն է ներդրել մարդկության առջև ծառացած ընդհանուր մարտահրավերների լուծման գործում։
2. Չինական ոճով արդիականացումը և Չինաստանի տնտեսության զարգացումը
Այս տարվա հուլիսին Պեկինում անցկացվող 20-րդ գումարման Կենտրոնական կոմիտեի երրորդ լիագումար նիստի շրջանակներում ընդունվել է «Կենտկոմի որոշումը՝ բարեփոխումների հետագա խորացման և չինական ոճով արդիականացման խթանման մասին»։ Այս որոշման շրջանակներում մի շարք ծրագրեր են նախագծվել տնտեսության, քաղաքականության, մշակույթի, հասարակության, էկոլոգիայի, ազգային անվտանգության, ազգային պաշտպանության և ռազմական ոլորտներում բարեփոխումների հետագա խորացման համար։
Այս որոշմամբ ներկայացվել է չինական ոճով արդիականացման նոր նախագիծը, արդիականացմանը հասնելու համար նոր ուղեցույց է տրամադրվել։ Այս որոշմամբ ևս մեկ անգամ հաստատվեց Չինաստանի վճռական դիրքորոշումը՝ բարեփոխումներ և բաց քաղաքականություն իրականացնելու, խաղաղ զարգացմանը հավատարիմ մնալու և չինական ոճով արդիականացման պատմության մեջ նոր դարաշրջան բացելու հարցում։
Սեպտեմբերին Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի քաղբյուրոն խորհրդակցություն էր անցկացրել՝ վերլուծելու և ուսումնասիրելու ներկա տնտեսական իրավիճակը և նախագծելու տնտեսական աշխատանքների հաջորդ քայլերը։ Խորհրդակցության շրջանակներում նշվում էր, որ այս տարվա սկզբից, բախվելով ավելի բարդ ներքին և միջազգային միջավայրին, Չինաստանի տնտեսության ընդհանուր գործունեությունը կայուն է եղել և ուղեկցվել է նոր որակի արտադրողական ուժերի կայուն զարգացմամբ։
Մարդկանց կենսապահովման ամուր և արդյունավետ երաշխքներ են ձեռք բերվել, դրական առաջընթաց է նկատվել առանցքային ոլորտներում ռիսկերի կանխարգելման և լուծման գործում, խթանվել է բարձրորակ զարգացումը և ընդհանուր սոցիալական կայունություն է դիտվել Ընթացիկ տարվա առաջին երեք եռամսյակում Չինաստանի համախառն ներքին արդյունքը գերազանցել է 13,5 տրիլիոն ԱՄՆ դոլարը՝ տարեկան կտրվածքով աճելով 4,8%-ով։ Այս ցուցանիշով Չինաստանը դասվել է աշխարհի առաջատար տնտեսությունների շարքին և մոտ 30%-ով նպաստել համաշխարհային տնտեսական աճին։
Արտաքին միջավայրի մարտահրավերներին բախվելով՝ Չինաստանը խթանում է բարձրորակ զարգացումը տեխնոլոգիական նորարարությունների և այսպես կոչված «կանաչ էներգետիկ փոխակերպումների» միջոցով, աշխարհի հետ է կիսում է բարեփոխումների և զարգացման շահաբաժինները և արդյունավետորեն նպաստում համաշխարհային տնտեսական աճին: Չինաստանն ունի աշխարհի ամենամեծ միջին եկամուտ ունեցող ազգաբնակչություն և գերխոշոր սպառողական շուկա: Այս օրերին Չինաստանում անցկացվում է 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսը, և մենք հավատացած ենք, որ տարբեր երկրներից ավելի բարձրորակ և տարբերվող ապրանքներ մուտք կգործեն չինական շուկա։
3. Հայ-չինական հարաբերությունների զարգացման հեռանկարներ
Այս տարի լրանում է հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32-ամյակը։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունները շարունակել են զարգանալ առողջ և կայուն կերպով, փոխշահավետ համագործակցությունը տարբեր ոլորտներում շարունակաբար նոր արդյունքներ է գրանցել, իսկ հայ-չինական բարեկամության գաղափարը թափանցել է մեր ժողովուրդների հոգու մեջ։
Երկու երկրների միջև քաղաքական փոխվստահությունը շարունակում է ամրապնդվել և խորանալ։ Հայաստանն ու Չինաստանը զարգացող երկիր են և «Գլոբալ հարավի» անդամներ, մենք ձգտում ենք խաղաղության և անվտանգության, զարգացման, բարգավաճման և արդարության։ Այս ամենը ամուր հիմք է ստեղծել երկու երկրների միջև փոխըմբռնման, փոխշահավետ համագործակցության, փոխանակման և փոխադարձ ուսուցման համար: Վերջերս Կազանում հաջողությամբ անցկացվել էր BRICS-ի 16-րդ գագաթնաժողովը։
Վարչապետ Փաշինյանը և նախագահ Սի Ծինփինը հանդիպել են «BRICS+» առաջնորդների երկխոսության հարթակում՝ մտքեր փոխանակելու երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ։ Սա երկու երկրների բարձրագույն ղեկավարների առաջին «դեմ առ դեմ» հանդիպումն էր 2019 թվականից ի վեր, ինչը մեծ նշանակություն ունի։
Հայստանի և Չինաստանի միջև պրագմատիկ համագործակցությունը բավականին արդյունավետ է։ Չինաստանը մի քանի տարի անընդմեջ Հայաստանի համար պահպանում է իր դիրքը որպես հիմնական առևտրային գործընկեր, արտահանման շուկա և ներմուծման աղբյուր: Ընթացիկ տարվա առաջին երեք եռամսյակում Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ առևտրի ծավալը հասել է 20,8 միլիարդ ԱՄՆ դոլարի՝ տարեկան կտրվածքով աճելով 34,7%-ով։
Սեպտեմբերի սկզբին «Չինական հարավային ավիաուղիներ» ավիաընկերությունը հաջողությամբ իրականացրեց իր առաջին երկկողմանի չվերթը Ուրումչիի և Երևանի միջև։ Վիզաների ռեժիմի ազատականացման հիման վրա սա ավելի է հեշտացնում մասնագետների փոխանակման գործընթացը և նոր ճանապարհ է բացում տնտեսական և առևտրային համագործակցության և մշակութային փոխանակումների համար: Չինաստանը աջակցում է «Հայաստանին Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի նոր հեռուստատաղավարի, «Հյուսիս-հարավ» մայրուղու, ֆոտովոլտային էլեկտրակայանի և այլ նախագծերի իրականացմանը։
Երկու կողմերը հետագայում կարող են համագործակցության ավելի մեծ ներուժ բացահայտել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն, էներգիայի նոր աղբյուրներ, կենսաբժշկություն, թվային տնտեսություն, ենթակառուցվածքներ և այլն, և նպաստել գործնական համագործակցության մասշտաբի և որակի «կրկնակի բարելավմանը»:
Երկու երկրների ժողովուրդների միջև փոխհարաբերությունները և մշակութային փոխանակումները լի են լուսավոր կետերով և կենսունակությամբ: Չինաստանն ու Հայաստանը հնագույն քաղաքակրթություն են՝ հազարամյակների պատմությամբ և սերնդեսերունդ փոխանցվող բարեկամական ավանդույթներով։
Վերջին տարիներին Հայաստանում չինարենի նկատմամբ հետաքրքրությունը շարունակում է ուժգնանանալ, և շատերը, հատկապես պատանիներն ու դեռահասները, սկսում են չինարեն սովորել, հասկանալ չինական մշակույթը և մեկնել Չինաստան՝ սովորելու և աշխատելու համար: Հայաստան այցելող չինացի զբոսաշրջիկների թիվը շարունակում է աճել, չինացիները սկսում են ավելի խորը ճանաչել Հայաստանի պատմությունը, մշակույթը և հասարակությունը: Երկուստեք իրականացվում են նաև մի շարք համատեղ մշակութային միջոցառումներ, որոնք շարունակաբար ամրապնդում են հայ-չինական բարեկամությունը։
Որպես լավ բարեկամ և գործընկեր՝ Չինաստանը պատրաստ է Հայաստանի հետ կիսել արդիականացման և զարգացման իր փորձով, խորացնել փոխշահավետ համագործակցությունը և աջակցել Հայաստանի ազգային զարգացմանն ու հայ ժողովրդի կենսապահովման բարելավմանը: Ողջունում ենք մեր հայ բարեկամներին այսպես կոչված չինական զարգացման «արագընթաց գնացքում», հույս ենք հայտնում ամրապնդել համագործակցությունը «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում, նպաստել քաղաքակրթությունների միջև փոխադարձ ուսուցմանը և ստեղծել ավելի լավ ապագա երկկողմ հարաբերությունների համար:
Եվս մեկ անգամ մաղթում եմ այս գիտաժողովին լիակատար հաջողություն և հույս հայտնում, որ գիտաժողովի բոլոր մասնակիցները լիովին կօգտագործեն իրենց ակադեմիական ներուժը՝ հայ-չինական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Երկու կողմերի ուղեղային կենտրոնները պետք է նաև ամրապնդեն փոխանակումները և համագործակցությունը, հարստացնեն երկկողմ հարաբերությունների բովանդակությունը և ամրապնդեն հայ և չին ժողովրդների բարեկամության սոցիալական հիմքը:
Շնորհակալություն։