Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է: Միջոցառմանը Բանկի մասնակցության ձևաչափի, սոցիալապես պատասխանատու ֆինանսավորման ոլորտում մասնակցության և միջոցառումից ակնկալիքների մասին զրուցել ենք Բանկի Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանի հետ:
— ՎԶԵԲ-ի հետ Կոնվերս Բանկը համագործակցության հարուստ փորձառություն ունի: Ո՞ր ոլորտներն է ընդգրկել երկկողմ համագործակցությունը, և ինչպե՞ս կբնորոշեք այն:
— Կոնվերս Բանկը ՎԶԵԲ-ի հետ երկարամյա արդյունավետ և ընդգրկուն համագործակցության փորձ ունի, որի շրջանակում Բանկի կողմից Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրականացվել։ Բանկը ՎԶԵԲ-ի հետ ակտիվ համագործակցում է միջազգային առևտրի խթանման և ՓՄՁ-ների ֆինանսավորման ոլորտում: Մասնավորապես, ներգրավված ռեսուրսների շնորհիվ հաջողությամբ իրականացվել է «Կանայք բիզնեսում» ներառական ծրագիրը, ինչպես նաև ՓՄՁ ֆինանսավորման ծրագիր:
Դրանց շնորհիվ գրանցված արդյունքները բարձր են գնահատվել հենց ՎԶԵԲ-ի կողմից, ինչի շնորհիվ Կոնվերս Բանկը երկու անգամ արժանացել է «Տարվա Գործարք – Կանաչ Առևտուր» մրցանակին, իսկ ՓՄՁ ֆինանսավորման ոլորտում՝ «ՎԶԵԲ-ի կարևոր գործընկեր» պատվավոր մրցանակին: ՎԶԵԲ-ի հետ համագործակցում ենք նաև մասնագիտական կարողությունների զարգացման և տեխնիկական աջակցության ծրագրերի շրջանակում:
— Ի՞նչ ձևաչափով է մասնակցում Բանկը տարեկան ժողովին, և ինչո՞վ է կարևորվում Բանկի մասնակցությունը համաշխարհային մակարդակով այդ կարևոր միջոցառմանը:
— ՎԶԵԲ տարեկան ժողովը համաշխարհային մակարդակով տնտեսական կարևորագույն միջոցառումներից է, որը հնարավորություն է տալիս հաղորդակցվել միջազգային ֆինանսական հանրության կողմից ընդունված, հեղինակություն վայելող մասնագետների հետ, ինչպես նաև ՎԶԵԲ ծրագրերում ներգրավված իրական հատվածի ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Միաժամանակ, սա շատ պարտավորեցնող միջոցառում է հուզական տեսանկյունից, քանի որ դրա շնորհիվ ՀՀ-ն հայտնվում է համաշխարհային ֆինանսական աշխարհի քարտեզում։
ՎԶԵԲ 2024թ․ տարեկան ժողովին Կոնվերս Բանկը մասնակցում է ոչ միայն որպես հայաստանյան ֆինանսական հատվածի ներկայացուցիչ, այլև որպես միջոցառման գլխավոր հովանավոր (Major sponsor)։ Նման մասշտաբի միջոցառման մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը՝ առկա մարտահրավերներին դիմակայելու, ռիսկերը զսպելու և Բանկի հետագա զարգացման նպատակով միջազգային և արտասահմանյան կառույցների հետ սերտ համագործակցության առումով։
— Տարեկան ժողովի շրջանակում անցկացվելու է «Ազդեցության համատեղ գործադրում» («Delivering Impact Together») խորագրով գործարար համաժողով՝ կարևորելով միասնականության, համատեղ ջանքերի գործադրումն առավելագույն արդյունքի հասնելու համար: Ինչպե՞ս եք տեսնում Կոնվերս Բանկի տեղն ու դերը այս հայեցակարգում, տեսլականում, և ի՞նչ պատասխանատվություն է պատրաստ ստանձնել Բանկը։
— «Delivering Impact Together»՝ համատեղ, միասնական օրակարգ և ջանքեր մարտահրավերները հաղթահարելու համար։
Համաշխարհային տնտեսության առջև այսօր ծառացած են այնպիսի մարտահրավերներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, կիբերանվտանգությունը, աշխարհաքաղաքական վերջին զարգացումները, որոնց դժվար է դիմակայել ինքնուրույն և մեկուսի: Նշված մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է մոբիլիզացնել համաշխարհային գիտելիքն ու փորձառությունը, ստեղծել փորձի փոխանակման և համագործակցության հնարավորություններ և հարթակներ:
Այս առումով կարևորում եմ ՎԶԵԲ տարեկան ժողովի շրջանակում անցկացվելիք գործարար համաժողովը, որը նոր կապերի և նոր համագործակցությունների հնարավորություններ է ընձեռում մասնակիցներին: Մշտապես ներկայացված լինելով միջազգային հարթակներում՝ Կոնվերս Բանկն առաջնորդվում է հաճախորդների պահանջմունքները լավագույնս բավարարելու սկզբունքով՝ ձգտելով նրանց համար ստեղծել անհատական և նորարարական լուծումներ, տրամադրել բիզնեսի զարգացման հնարավորություններ և ֆինանսական ռեսուրսների հասանելիություն:
— Կայուն, սոցիալապես պատասխանատու բիզնեսի կայացման հարցում ինչպիսի՞ն է Կոնվերս Բանկի ռազմավարությունը: Պրոդուկտների մշակման գործընթացում ինչպիսի՞ նշանակություն է տրվում սոցիալապես պատասխանատու, կայուն ֆինանսավորմանը և բանկային ծառայությունների հասանելիությանը:
— Սոցիալապես պատասխանատու ֆինանսավորումը, ներառականությունը, կլիմայական և բնապահպանական ռիսկերի զսպումը ֆինանսավորման գործընթացում Կոնվերս Բանկի ռազմավարական առաջնահերթություններից են:
Ելնելով այս հանձնառությունից՝ Բանկում ներդրել ենք բնապահպանական, սոցիալական և կառավարչական մի շարք սկզբունքներ, որոնց վրա էլ հիմնված են պրոդուկտների մշակման mգործընթացները։ Այս ոլորտում նույնպես Կոնվերս Բանկը սերտորեն համագործակցում է ՎԶԵԲ-ի և մյուս ինստիտուցիոնալ գործընկերների հետ: Մասնավորապես, ցանկանում եմ նշել ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող Climate Practices and Transition Planning ծրագրին Բանկի համապատասխան աշխատակիցների մասնակցությունը, որի նպատակն է կլիմայական ռիսկերի կառավարման և անցումային պլանավորման (transition planning) ոլորտում ձեռք բերել գիտելիքներ և պրակտիկ հմտություններ:
— Ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք միջոցառումից և ինչպիսի ՞ համագործակցության հեռանկարներ եք տեսնում ՎԶԵԲ հետ:
— ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի ռազմավարական գործընկերն է: Մենք ակնկալում ենք շարունակական գործընկերային նոր մակարդակ, մասնակցություն ավելի մեծ թվով նախագծերի:
ՎԶԵԲ-ի տարեկան ժողովը հրաշալի հարթակ է համաշխարհային տնտեսական և ֆինանսական զարգացումների մասին տեղեկանալու, առկա մարտահրավերների և ռիսկերի զսպման մեխանիզմներ վերբերյալ քննարկումներին մասնակցելու, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների և օտարերկրյա բանկերի հետ հարաբերությունների ստեղծման և ընդլայնման համար։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ակնկալում ենք մասնակցության բարձր ցուցանիշ և համագործակցության նոր հնարավորություններ։
Մենք բարձր ենք գնահատում ՎԶԵԲ-ի հետ մեր երկարամյա գործընկերությունը և հուսով ենք, որ այն լինելու է շարունակական՝ ընդգրկելով ոչ միայն համագործակցության տրադիցիոն ոլորտները, այլ նաև ժամանակի պահանջներին և մարտահրավերներին համահունչ այլ ծրագրերի շրջանակում գործընկերությունը։ Վստահ ենք, որ այս միջոցառման շնորհիվ Հայաստանում կստեղծվեն, կձևավորվեն ամուր նախադրյալներ տնտեսության և բիզնեսի հետագա, շարունակական զարգացման համար:
— Եվ վերջում, ի՞նչ կմաղթեք միջոցառման մասնակիցներին:
Միջոցառման մասնակիցներին մաղթում ենք վայելել հայկական հյուրընկալությունը, հրաշալի ժամանակ անցկացնել մեր երկրում, ինչպես նաև արդյունավետ հանդիպումներ, հետաքրքիր և բովանդակալից քննարկումներ, նոր համագործակցությունների շուրջ համաձայնություններ։
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: