Դոլարի արժեզրկումը երկարաժամկետ առումով մեր տնտեսությանը ձեռնտու չէ. Տնտեսագետի կարծիք ՙԴրամի առաջարկն այս պահին ավելի քիչ է, քան պահանջարկը: Միաժամանակ երկրում արտարժույթի նկատմամբ պահանջն է մեծ: Ունենք մի վիճակ, երբ շուկայում կա արտարժույթի ավելցուկ: Երբ դա համակցում ենք թանկ դրամի քաղաքականության հետ, որն այսօր վարում է Հայաստանի Հանրապետությունը, ունենում ենք դրամի արժեվորում՚,- ասաց տնտեսագետ Արմեն Քթոյանը: Դրամի արժեզրկումից տուժում են արտահանողներն ու այն ընտանիքները, որոնք ստանում են տրանսֆերտներ: Շահում են ներմուծողները, որովհետեւ ներմուծումն էժանանում է եւ ներքին շուկայում ներմուծված ապրանքների համար նպաստավոր պայման է ստեղծվում: Այդ տեսանկյունից տուժում են ներքին շուկայում ապրանք արտադրողները: Տնտեսագետի խոսքով դրամի արժեվորումից կարող են որոշակիորեն օգտվել սպառողները, որովհետեւ գնաճն է մեղմվում համաշխարհային շուկայում պարենային մթերքների գնաճի պայմանում: Պարտքի սպասարկման առումով շահում է պետությունը, բայց կարճաժամկետ կտրվածքում: Պարտքն արտարժույթով վճարելը համեմատաբար ավելի քիչ դրամային զանգված է պահանջում: ՙԱյսինքն, դոլարի արժեզրկումից կան ե’ւ շահողներ, ե’ւ կորցնողներ, իսկ թե տնտեսության վրա գումարային առումով ինչպես կանդրադառնա, կախված է նրանից, թե որքան կտեւի դրամի արժեվորումը՚,- նշեց Արմեն Քթոյանը: Նրա կարծիքով` անորոշության դաշտը բավական մեծ է, սակայն երկարաժամկետ առումով դոլարի արժեզրկումը մ,եր տնտեսությանը ձեռնտու չէ, որովհետեւ բիզնեսի համար կարեւոր է կայունությունն ու կանխատեսելիությունը:
Ու՞մ է ձեռնտու դոլարի անկումը
Մյս 2, 2022 19:24
56