Ընթացիկ տարվա արդյունքներով եվրոպական բանկերը նախատեսում են բաժնետերերին վճարել մոտ €70 միլիարդ ($77 միլիարդ):
Frank Media-ի փոխանցմամբ՝ այս մասին Bloomberg TV-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) բանկային վերահսկողության ղեկավար Անդրեա Էնրիան,- գրում է banks.am-ը:
Նրա խոսքով՝ 2023 թվականին եվրոպական բանկերը «հատկապես շահութաբեր էին» տոկոսադրույքների սրընթաց աճի շնորհիվ, որոնց օգնությամբ ԵԿԲ-ն փորձում էր զսպել աճող գնաճը եվրոգոտում:
Անդրեա Էնրիան ասել է, որ բանկային վճարումները հիմնականում «կհամապատասխանեն նախորդ տարիներին»՝ ընդգծելով նաեւ, որ իր հայտարարած թիվը «շատ նախնական է»:
Ներդրողներին տրամադրվող վճարումները կկազմեն բանկային ոլորտի ավելցուկային կապիտալի մի փոքր մասը: Ըստ Bloomberg-ի՝ դեկտեմբերի կեսի դրությամբ Եվրոպայի տասը խոշորագույն բանկերի կապիտալը ավելի քան €140 միլիարդով գերազանցել է նորմատիվային պահանջներին համապատասխանելու համար պահանջվող ցուցանիշը։
Էնրիայի խոսքով՝ թեեւ կապիտալի կուտակած պահուստները հնարավորություն են տվել վարկային հաստատություններին դիմակայելու 2023 թվականի մարտահրավերներին, այնուամենայնիվ բանկային հատվածը պետք է հաշվի առնի փոխառությունների արժեքի բարձրացման հետ կապված ռիսկերը:
«Մենք պետք է շատ զգոն լինենք»,- ասել է Էնրիան՝ ընդգծելով, որ վարկային ռիսկերը նախկինի պես մտահոգիչ են անշարժ գույքի ոլորտում, ներառյալ՝ առևտրային անշարժ գույքը, տոկոսադրույքների նկատմամբ զգայունության պատճառով: