Հայաստանում առցանց տաքսիներով ուղևորությունը կհարկվի, իսկ նման հարթակներում չգրանցված տաքսիները կարգելվեն:
Sputnik Արմենիայի փոխանցմաբ, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը` կից օրինագծերով, ընդունվեց 56 կողմ, 6 դեմ և 17 ձեռնպահ ձայներով:
Տաքսի-ընկերությունները պետք իրենց ծրագրում փոփոխություններ կատարեն, որոնք թույլ կտան ուղևորներին էլեկտրոնային ՀԴՄ կտրոններ տրամադրել։ Դրա շնորհիվ տաքսի ծառայությունների շրջանառությունը կգրանցվի հարկային ծառայությունում։
Բացի այդ, յուրաքանչյուր ուղևորության համար կսահմանվի պետական տուրք, որը կանխիկ և անկանխիկ վճարման դեպքում տարբեր կլինի։
Կանխիկ վճարման դեպքում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից տուրքը կսահմանվի 2%, 2025 թվականի հունվարի 1-ից՝3,5%, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից՝ 5%, անկանխիկ վճարման դեպքում ՝ համապատասխանաբար 1,5%, 2,5% և 4%: Այս վճարումները հարկային ծառայությանը կփոխանցեն տաքսի-ընկերությունները, այլ ոչ թե վարորդները:
Բացի այդ, իրենց բիզնեսը վարելու իրավունքի համար ընկերությունները տարեկան 1 մլն դրամ (մոտ 2,5 հազար դոլար) տուրք կվճարեն։
Օրինագիծը ներկայացնելիս ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչ Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ ապագայում հնարավոր է քննարկվի վարորդներին և նրանց մեքենաներին ներկայացվող նվազագույն պահանջների հարցը (ներկայումս այդ պահանջները թողնվել են ընկերությունների հայեցողությանը, բայց հնարավոր է` դրանք սահմանվեն նաև օրենքով կամ կառավարության որոշմամբ):