Երևան քաղաքի Փոքր կենտրոնի բեռնաթափմանը միտված աշխատանքների շրջանակում նախատեսվում է նոր մոտեցում կիրառել վճարովի ավտոկայանատեղիների համակարգում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը տեղեկացրեց, որ ներկայում քննարկվում է Փոքր կենտրոնում ավտոմեքենաների կայանման վճարները վերանայելու հարցը։
«Այն կարող է լինել որպես զսպող գործիք։ Դրանով Երևանի քաղաքապետարանը կփորձի սահմանափակել ավտոմեքենաների մեծաթիվ հոսքը դեպի քաղաքի կենտրոն։ Նախատեսում ենք քաղաքում իրականացնել վճարովի ավտոկայանատեղիների գոտիավորում։ Ըստ դրա՝ յուրաքանչյուր գոտու համար կսահմանվի այլ վճար», — ասաց Վազգեն Հարությունյանը՝ հավելելով, որ նախատեսվում է Փոքր կենտրոնում ավտոկայանման համար ավելի բարձր գին սահմանել։
Վազգեն Հարությունյանը տեղեկացրեց, որ մինչև տարեվերջ համապատասխան որոշումը կլինի, որի մանրամասները կներկայացվեն երևանցիներին։ 2024 թվականի հունվարին արդեն ավտոկայանման համար կգործի նոր մոտեցում։