ՕՊԵԿ-ն ու ԵՄ-ն Հայաստանին կտրամադրեն € 56,5 միլիոն` «կանաչ» ծրագրերի համար Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման քաղաքականության ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը,- գրում է banks.am-ը: €50 միլիոն արժողությամբ ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացումը՝ նպաստելով կլիմայի փոփոխության մեղմացմանն ու հարմարվողականությանը, բարելավելով շրջակա միջավայրի կառավարումը եւ էներգաարդյունավետությունը։ Կառավարությունը հավանություն է տվել նաեւ «Հայաստանի եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ «Կայուն էներգիա, էներգետիկ անվտանգություն եւ կլիմայի փոփոխությունների նկատմամբ դիմակայունություն Հայաստանի գյուղական վայրերում» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի դրամաշնորհային հիմունքներով տեխնիկական աջակցություն՝ €6.5 մլն ծավալով: