ԿԲ նախագահ. մակրոտնտեսական կայունությունը պահպանելու համար անհրաժեշտ է «ցանկացած փոթորկի դիմակայելու կարողություն» Հայաստանում խորապես գիտակցում են, որ չի կարելի ապավինել բախտին կամ իներտությանը՝ երկրում մակրոտնտեսական կայունությունը պահպանելու համար, ռիսկերը միշտ էլ կան, որոշներն ավելի վտանգավոր են, քան մյուսները, և դրանցից շատերն իրականանում են, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը,- գրում է arka.am-ը: Նման պայմաններում հատկապես կարևորվում է լավ կառավարումը, որի էությունը, ըստ ԿԲ նախագահի, «ցանկացած փոթորկի դիմակայելու կարողությունն է»: «Հարցն այն չէ, թե արդյո՞ք մենք կարող ենք ընդհանրապես խուսափել այդ ռիսկերից, այլ այն, թե արդյո՞ք մենք ունենք դրանց արդյունավետ կառավարման համակարգ», - ասել է նա «Հայկական դրամի 30-ամյակը. կողմնորոշվել նոր թվային դարաշրջանում՝ խորհելով անցյալի մասին» թեմայով գիտաժողովի ժամանակ, որը կազմակերպվել էր Դիլիջանում:
Գալստյանը նշել է, որ քովիդի համաճարակի ընթացքում բացահայտվեց դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության կարևոր դերը երկարաժամկետ մակրոտնտեսական կայունության ապահովման գործում:
Նա նաև հիշեցրել է, որ երբ գնաճային ճնշումները սկսեցին ի հայտ գալ, անորոշություն առաջացավ դրանց պատճառների վերաբերյալ: Սա ստեղծեց նոր հաղորդակցության և վստահության մարտահրավերներ կենտրոնական բանկերի համար: Այս խնդիրներն արդիական էին անցյալ դարի 80-ականներին, և շատերը դրանք լուծված էին համարում: ԿԲ նախագահը շեշտել է տարածաշրջանի երկրների միջև համագործակցության և փորձի փոխանակման կարևորությունը՝ չնայած հաճախակի տնտեսական և աշխարհաքաղաքական ցնցումներով պայմանավորված դժվարություններին։ Նա նաև նշեց, որ ֆինանսական քաղաքականությունը, դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունը օրեցօր էլ ավելի փոխկապակցված են դառնում և պահանջում սերտ համագործակցություն։
ԿԲ նախագահը կարևորել է նաև այն հանգամանքը, որ գլոբալ մասնատումը (ֆրագմենտացիա) կարող է ռիսկեր ստեղծել կապիտալի համաշխարհային հոսքերի առումով և դժվարություններ առաջացնել կապիտալի միջազգային շուկաներ մուտք գործելու համար։ Հետևաբար՝ համակարգված դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունն առանցքային դեր է խաղում ներքին տնտեսության համար՝ նման ազդեցությունները կառավարելու և անկայունությունը մեղմելու գործում: