ՀԷՑ-ի ներդրումային ծրագրերը շարունակվում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը շարունակում է բաշխիչ ցանցի վերազինմանն ու վերակառուցմանն ուղղված իր ներդրումային ծրագրերը: Խոշոր ծրագրերից են Ծաղկաձորի, Սպիտակի ու Գյումրու ենթակայանների արդիականացումը: Մարզային ենթակայանների վերազինմանը կուղղվի ավելի քան 2 մլրդ դրամ: Ընդհանուր առմամբ 8 տարիների ընթացքում՝ 2016-ից 2024 թվականներին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը արդիականացրել և շարունակում է վերազինել էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքները: ՀԷՑ-ը ժամանակակից սարքերով վերազինվելու համար այս ընթացքում ներդրել է ավելի քան 270 մլրդ դրամ: Ծրագրի հիմնական ուղղություններն են՝ - հոսանքազրկումների միջին տևողության և հաճախականության ցուցանիշների պահպանմանը և մաշված սարքավորումների փոխարինմանն ուղղված ներդրումներ, - թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման միջին տևողության և հաճախության կրճատմանն ուղղված ներդրումներ, - նոր սպառողների միացմանը և բաշխիչ ցանցի զարգացման նպատակային ծրագրերի իրականացմանն ուղղված ներդրումներ, - էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման ու վերահսկման համակարգի ներդրումներ և այլ ուղղություններ: https://youtu.be/aNk_V_N4WIE Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է նաև ՀԷՑ-ի՝ առաջիկա տասը տարիների՝ 2024-2034 թվականների ներդրումային ծրագիրը, որի արժեքը 305, 424 մլն դրամ է: Այս գումարն ուղղվելու է ցանցերի վերազինմանն ու արդիականացմանը, ցանցին նոր սպառողների միացմանը, առևտրային հաշվառման համակարգի և սմարթ հաշվիչների ներդրմանը: