Ոսկե Պատրանք. Հայաստանի արտահանման իրական պատկերը
Լուրեր |
Հայաստանի տնտեսությունում տարօրինակ իրավիճակ է ստեղծվել: Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս արտահանման աննախադեպ աճ, սակայն իրականությունն այլ է:
Առաջին հայացքից Հայաստանի արտահանման ցուցանիշները ապշեցուցիչ են: 2024 թվականին երկրի արտահանումը հասել է 13.1 միլիարդ դոլարի՝ ավելի քան քառապատկելով 2021 թվականի 3.0 միլիարդ դոլարը: Սովորաբար նման կտրուկ աճը կնշանակեր, որ տնտեսությունը լիակատար թափով առաջ է շարժվում: Սակայն ավելի մանրակրկիտ ուսումնասիրությունը բացահայտում է ոչ այնքան դրական իրականություն:
Գծապատկեր 1.
Առաջին գծապատկերը պատկերում է արտահանման կտրուկ փոփոխությունը: Գծապատկերը ցույց է տալիս, որ Հայաստանի արտահանումը դեպի Միջին Արևելք սրընթաց կտրուկ աճել է՝ գերազանցելով նույնիսկ դեպի Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ) արտահանումը: Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա տնտեսական դիվերսիֆիկացման հաջողություն է, սակայն իրականությունն այլ է:
2024 թվականին Հայաստանի արտահանման առյուծի բաժինը՝ ապշեցուցիչ 61.4%-ը, բաժին է ընկնում մեկ ապրանքատեսակի՝ թանկարժեք մետաղներին և քարերին, որի մեջ գերակշռում է ոսկին: Սակայն Հայաստանը չի ապրում ժամանակակից ոսկու տենդ: Փոխարենը, այն դարձել է Ռուսաստանի ոսկու առևտրի կարևոր հանգույց: 2024 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանի ոսկու արտահանման 88%-ն անցել է Հայաստանով:Կարդալ ավելին՝ Հայաստան` ռուսական ոսկու հանգրվան:
Այս երևույթը վերաարտահանման տիպիկ դեպք է, և այն արմատապես փոխել է Հայաստանի առևտրային պատկերը: Մերձավոր Արևելքը` հատկապես Արաբական Միացյալ Էմիրությունները, հանկարծակի դարձել են Հայաստանի արտահանման հիմնական ուղղությունը՝ կազմելով 2024 թվականի ընդհանուր արտահանման 42.4%-ը: Սա հսկայական տեղաշարժ է ընդամենը մի քանի տարի առաջվա համեմատ, երբ ԵԱՏՄ-ն և Եվրոպական Միությունը հիմնական առևտրային գործընկերներն էին:
Աղյուսակ 1.
| Աղյուսակ 1. Հայաստանի արտահանումը ըստ տարածաշրջանների | |||||||||||
| Տարեկան կտրվածքով | |||||||||||
|
2018 |
2021 |
2022 |
2023 |
2024 |
|||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| մլն․ $ | մլն․ $ | մլն․ $ | % աճ | % ընդ․ | մլն․ $ | % աճ | % ընդ․ | մլն․ $ | % աճ | % ընդ․ | |
| ԵԱՏՄ | 688.8 | 882.6 | 2,564.1 | 2.9 անգ. | 47.3% | 3,746.1 | 46.1% | 43.8% | 3,345.3 | -11.0% | 25.6% |
| ԵՄ | 675.8 | 656.1 | 772.7 | 17.8% | 14.3% | 709.5 | -8.2% | 8.3% | 611.6 | -14.0% | 4.7% |
| Մեծ Չինաստան | 113.0 | 403.1 | 395.1 | -2.0% | 7.3% | 1,093.8 | 2.8 անգ. | 12.8% | 2,854.0 | 2.6 անգ. | 21.8% |
| Միջին Արևելք | 388.3 | 351.4 | 983.2 | 2.8 անգ. | 18.1% | 2,538.2 | 2.6 անգ. | 29.7% | 5,552.1 | 2.2 անգ. | 42.4% |
| Այլ պետություններ | 546.8 | 722.8 | 703.9 | -2.6% | 13.0% | 464.3 | -34.0% | 5.4% | 729.2 | 57.0% | 5.6% |
| Ընդամենը | 2,412.8 | 3,016.0 | 5,419.1 | 79.7% | 100.0% | 8,552.0 | 57.8% | 100.0% | 13,092.2 | 53.0% | 100.0% |
| Հեղինակ` Աղասի Թավադյան | tvyal.com | tavadyan.com | Տվյալների աղբյուր՝ Armstat | |||||||||||
| Աղյուսակ 2. Հայաստանի արտահանումը ըստ տարածաշրջանների | |||||
| Տարեկան կտրվածքով | |||||
|
2021 |
2024 |
||||
|---|---|---|---|---|---|
| մլն․ $ | % ընդ․ | մլն․ $ | % աճ | % ընդ․ | |
| 01–21 & 23 — կենդանիներ, սնունդ, գյուղատնտեսական ապրանքներ | 377.2 | 12.5% | 508.5 | 34.8% | 3.9% |
| 22 — ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչք | 291.8 | 9.7% | 390.1 | 33.7% | 3.0% |
| 24 — ծխախոտ | 249.8 | 8.3% | 437.9 | 75.3% | 3.3% |
| 25–26 — հանքաքար և խտանյութ | 930.7 | 30.9% | 933.7 | 0.3% | 7.1% |
| 27 — էլեկտաէներգիա և հանքային վառելանյութեր | 51.5 | 1.7% | 87.1 | 69.2% | 0.7% |
| 28–40 — քիմիական նյութեր և պլաստմասսա | 61.2 | 2.0% | 166.2 | 2.7 անգ. | 1.3% |
| 41–49 — մորթի, կաշվե իրեր և փայտանյութեր | 8.7 | 0.3% | 34.2 | 3.9 անգ. | 0.3% |
| 50–67 — տեքստիլ, կոշկեղեն (թեթև արդյունաբերություն) | 188.3 | 6.2% | 421.4 | 2.2 անգ. | 3.2% |
| 68–70 — կերամիկա, ապակի, քարից, գիպսից պատրաստված իրեր | 20.3 | 0.7% | 42.1 | 2.1 անգ. | 0.3% |
| 71 — թանկարժեք քարեր, մետաղներ | 326.3 | 10.8% | 8,042.6 | 24.6 անգ. | 61.4% |
| 72–83 — մետաղներ և դրանցից արտադրանք | 364.5 | 12.1% | 364.3 | 0.0% | 2.8% |
| 84–89 — տրանսպորտ և սարքավորումներ | 95.4 | 3.2% | 1,451.5 | 15.2 անգ. | 11.1% |
| 90–97 — այլ | 50.3 | 1.7% | 212.6 | 4.2 անգ. | 1.6% |
| Ընդամենը | 3,016.0 | 100.0% | 13,092.2 | 4.3 անգ. | 100.0% |
| Հեղինակ` Աղասի Թավադյան | tvyal.com | tavadyan.com | Տվյալների աղբյուր՝ Armstat | |||||
Երրորդ գծապատկերը ցույց է տալիս ոչ դրական կանխատեսում: Մինչ ընդհանուր արտահանումը թվացյալ սլանում է վեր, թանկարժեք մետաղների և քարերի վերաարտահանման հաշվին (ԱՏԳ ԱԱ 71), այլ բոլոր ապրանքների արտահանման կտրվածքով առկա է անկում: Այս տարբերությունը Հայաստանի ներկայիս տնտեսական պատրանքի իրականությունն է: Գծապատկերում կարմիր և կապույտ գծերի միջև մակերեսն արտացոլում է թանկարժեք քարերի և մետաղների մասնաբաժինն ընդհանուր արտահանման մեջ:
Այս ոսկե շահույթի կայունությունը լավագույն դեպքում կասկածելի է: Հայաստանի միջոցով ոսկու վերաարտահանման աճը մեծապես պայմանավորված է աշխարհաքաղաքական հանգամանքներով, մասնավորապես՝ Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցներով: Սա ժամանակավոր երևույթ է և պայմանավորված է համաշխարհային տնտեսական իրողություններով, որոնք արդեն իսկ փոխվում են:
Գծապատկեր 4.
Այս գծապատկերը ցույց է տալիս թանկարժեք մետաղների արտահանման և ներմուծման կտրուկ աճը 2023-ի նոյեմբերից մինչև 2024-ի ապրիլը: Ուշադրություն դարձրեք վերջին ամիսներին, որը Հայաստանի «ոսկե արտահանման դարաշրջանի» ավարտի նշան է:
Գծապատկերից երևում է, որ միայն 2024 թվականի մարտին 1.4 մլրդ դոլարի թանկարժեք քարեր և մետաղներ է ներմուծվել Ռուսաստանից Հայաստան, որից հետո այն կտրուկ անկում է ապրել։ Դեկտեմբերին ներմուծվել է 310 մլն դոլարի ոսկի։ Պիկային կետից ոսկու և այլ թանկարժեք քարերի և մետաղների ներմուծումն ընկել է 4.5 անգամ։
Ռուսաստանում վերջերս տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների արդյունքում վերացվեց ոսկու արտահանման մաքսատուրքը, որի ներդրումից հետո ՌԴ ոսկու արտահանման 88%-ն անցավ Հայաստանով։ Ոսկու տարանցիկ հոսքն արդեն իսկ նվազում է: Վերջին ամիսներում Հայաստանի արտահանման և ՀՆԱ-ի աճը հիմնված էր այս արտաքին, ժամանակավոր և արհեստական երևույթի վրա, որը տնտեսությունը դնում է խիստ անկայուն վիճակի մեջ: Այն քողարկում է իրական տնտեսության անկումը և շեղում ուշադրությունն իրական տնտեսական իրավիճակից և տնտեսական փոփոխությունների անհրաժեշտությունից:
Մինչ Հայաստանը հեծել է այս ոսկե ալիքը, անտեսվում է կայուն, բարձր ավելացված արժեք ունեցող ճյուղերի զարգացումը, որոնք կարող են ապահովել երկարաժամկետ տնտեսական կայունություն: ԵԱՏՄ և ԵՄ-ի ավանդական շուկաներ արտահանման անկումը հատկապես մտահոգիչ է, քանի որ այն կարող է վկայել մրցունակության կորստի մասին այն ոլորտներում, որոնք նախկինում Հայաստանի տնտեսության հենասյուներն էին:
Մոտակա ամիսները վճռորոշ կլինեն, քանի որ ոսկու վերաարտահանման սրընթաց աճն արդեն մարում է, Հայաստանը կարող է հայտնվել դաժան տնտեսական իրականության առջև: Տնտեսության իրական վիճակը, որը մինչ այժմ թաքնված էր ոսկու փայլի հետևում, կդառնա ավելի ակնհայտ:
Անհրաժեշտ է հայացքը բևեռել այս «ոսկե դարաշրջանից» այն կողմ և սկսել կառուցել իրական արտադրական հիմք ունեցող, երկարաժամկետ և կայուն ավելացված արժեք ստեղծող տնտեսություն, որը հիմնված չի լինի ժամանակավոր և ոչ կայուն արտաքին ազդակների վրա, որոնք և հիմնականում ապահովել են Հայաստանի ժամանակավոր երկնիշ տնտեսական աճը։ Անհրաժեշտ է կառուցել դիմացկուն տնտեսություն, որը ներառում է ներդրումներ կրթության մեջ, նորարարության խթանում և բարձր արժեք ունեցող ճյուղերի աճի համար նպաստավոր միջավայրի ստեղծում, ինչպես նաև արդյունավետ հարկային դաշտի ձևավորում:
Այս վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանը կանգնած է կարևոր խաչմերուկի առջև: Հայաստանի «ոսկե պատրանքը» զգուշացնող օրինակ է ծառայում զարգացող տնտեսությունների համար: Այն ընդգծում է ժամանակավոր շահույթների վրա հենվելու վտանգը և ամուր, բազմազանեցված տնտեսական հիմք ստեղծելու կարևորությունը: Ոսկու տենդից ապաքինվելուն զուգընթաց, Հայաստանի իրական տնտեսական ուժը կենթարկվի փորձության: Հարցը մնում է բաց. երբ ոսկու փոշին նստի, ի՞նչը կշարունակի փայլել Հայաստանի տնտեսությունում:
tvyal.com
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Արմավիրում կասեցվել է ապօրինի 5 հորի շահագործումը. ԲԸՏՄ
2025/10/29/ 16:43 -
Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները կազմել են 1,296 մլրդ դրամ․ 2025թ․ օգոստոս
2025/10/29/ 16:10 -
Connected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղին
2025/10/29/ 15:14 -
Աշխարհի ամենաթանկ բրենդները 2025-ին. Apple-ը շարունակում է մնալ առաջատարը
2025/10/29/ 12:59 -
ԱՄՆ-ն մինչև տարեվերջ կստեղծի առաջին աշխատանքային խմբերը Ադրբեջանի և Հայաստանի հետ
2025/10/29/ 12:57 -
Կասեցվել է «Բրենդլիդեր»-ի ևս մեկ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
2025/10/29/ 12:54 -
Բոլոր բենզալցակայանները վերազինման արդյունքում պետք է համապատասխանեն նոր անվտանգության պահանջներին
2025/10/29/ 12:51 -
Գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի օրն է. մինչև այս տարվա սեպտեմբեր 4113 քաղաքացու համար պետբյուջեից հատկացվել է 8.6 մլրդ դրամ
2025/10/29/ 12:49 -
Արտարժույթի փոխանակման հայտարարությունները՝ ծուղակ․ ՆԳՆ ոստիկանությունը զգոնության կոչ է անում
2025/10/29/ 12:44 -
Երևանում գործող «Գրագսման» ՍՊԸ-ից գողացել են մոտ 14 միլիոն դրամ
2025/10/29/ 12:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 2025Թ.
ՎԵՐԱԲԱՑՎԵՑ UCOM-Ի ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՈՄԻՏԱՍ 8 ՀԱՍՑԵՈՒՄ
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ