Ամերիաբանկը և Bank of Georgia Group PLC-ը հաստատել են գործարքի շուրջ բանակցությունների առկայությունը «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հաստատում է Bank of Georgia Group PLC-ի տարածած պարզաբանումը, որում նշվում է բանկում բաժնեմասնակցություն ձեռք բերելու շուրջ բանակցությունների մասին։ «Բանակցություններ են ընթանում, բայց հաստատված գործարք չկա»,–  հայտնել են «Ամերիաբանկից»։ «Bank of Georgia Group-ը տեղեկանում է մամուլում առկա նորություններին Հայաստանում առաջատար «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի մասնակցությամբ հավանական գործարքի մասին և հաստատում է, որ այս պահին ծավալվում են խորացված բանակցություններ Ամերիաբանկի և իր ներկայիս բաժնետերերի հետ դրանց հնարավոր ձեռքբերման շուրջ։ Այս գործարքը նախատեսվում է ֆինանսավորել Bank of Georgia Group-ի ավելցուկային կապիտալով` առանց Ընկերության շահաբաժինների և կապիտալի բաշխման քաղաքականության փոփոխության: Գործարքը, շարունակվելու դեպքում, կհամարվի 1-ին կարգի գործարք՝ համաձայն Մեծ Բրիտանիայի FCA (Financial Conduct Authority) -ի ցուցակման կանոնների: Ընկերությունը հավելյալ կտեղեկացնի բաժնետերերին ձեռքբերման գործընթացի զարգացումների մասին: Այս պահին չկա հստակություն, որ գործարքը կստորագրվի կամ, եթե ստորագրվի, կկնքվի, թե ոչ» — տեղեկանում ենք Bank of Georgia Group-ի ավելի վաղ տարածված հաղորդագրությունում։ Նշենք նաև, որ 2024թ. հունվարի 1-ի դրությամբ Ամերիաբանկն ունի 5 բաժնետերեր՝ “Իմաստ Գրուպ” (Սի — Ուայ) Լիմիթեդը (նախկին անվանումը ՝ Ամերիա Գրուպ (Սի-Ուայ) Լիմիթեդ) ՝ 48,82% բաժնեմասնակցություն, ՎԶԵԲ-ը ՝ 17,71%, Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) ՝ 13,92%, ESPS Holding Limited-ը՝ 12,05%, Afeyan Foundation for Armenia Inc.-ը՝ 7,5%: Bank of Georgia Group PLC–ին Մեծ Բրիտանիայում գրանցված հոլդինգային ընկերություն է։