Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար Եվրոպական կենտրոնական բանկը 2019թ.-ից ի վեր առաջին անգամ նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 25 բազիսային կետով՝ սահմանելով 3.75%: ՌԴ կենտրոնական բանկը 4-րդ անգամն անընդմեջ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 16%։ Միաժամանակ Կենտրոնական բանկը տեղեկացրել է առաջիկայում տոկոսադրույքների բարձրացման հավանականության մասին։ ԱՄՆ-ում մայիսին գործազրկության մակարդակը 2022թ.-ից ի վեր առաջին անգամ հասել է 4%-ի, իսկ աշխատատեղերն ավելացել են 272,000-ով։ Մոսկվայի ֆոնդային բորսայի ներկայացուցիչը հայտարարել է ոչ աշխատանքային օրերին բորսայական առևտուր կազմակերպելու պատրաստակամության մասին` հաշվի առնելով, որ աշխատանքային օրերին ներդրողների մի մասը զբաղված է իր աշխատանքով և ներդրումային որոշումներ կայացնելու համար ժամանակ տրամադրելու խնդիրներ կարող է ունենալ։ Թուրքիայում գնաճը մայիսին տարեկան կտրվածքով կազմել է 75.45%՝ գերազանցելով կանխատեսվող ցուցանիշը։ Սպառողական գների բարձր աճը հիմնականում պայմանավորված է կրթության, բնակարանային և ռեստորանային ոլորտներում գների աճով։ finarm.am