Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին միշտ կարող է ժամանել Մոսկվա, եթե պատրաստ է Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ պատասխանատու և լուրջ խոսակցության։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպման մասին տեղեկություններին։
Կրեմլի ներկայացուցիչն այսպես է արձագանքել այն լուրերին, թե ուկրաինական կողմն առաջարկել է երկու երկրների ղեկավարների հանդիպում կազմակերպել «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովի շրջանակներում: Պեսկովը հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահն արդեն հայտնել է իր հիմնական դիրքորոշումն ու առաջարկները։
«Զելենսկու վերաբերյալ, գիտեք, որ Պուտինի կողմից, ըստ էության, ամեն ինչ ասվել է, ամեն ինչ առաջարկվել է։ Ասվել և մի քանի անգամ կրկնվել է, որ եթե Զելենսկին պատրաստ է պատասխանատու և լուրջ խոսել՝ կիևյան ռեժիմին հիանալի հայտնի է, թե ինչի մասին, ապա նա միշտ կարող է ժամանել Մոսկվա, որտեղ նրան կընդունեն», - հայտարարել է Պեսկովը։
Նշենք, որ պաշտոնական Մոսկվան նախկինում ևս ընդգծել է, որ պատրաստ է ընդունել Զելենսկուն բացառապես երկկողմ հարաբերությունների կամ հակամարտության վերջնական կարգավորման օրակարգով, սակայն ուկրաինական կողմը բազմիցս մերժել է Մոսկվան որպես բանակցությունների հարթակ՝ նախապատվությունը տալով չեզոք երրորդ երկրներին կամ միջազգային ձևաչափերին:

