Հայաստանում YouTube-ի դրամայնացումը նախատեսվում է ակտիվացնել ապրիլի վերջից կամ մայիսի սկզբից։ Այս մասին Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նախարարն անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահի այցին և հայ-ամերիկյան տեխնոլոգիական համագործակցության շրջանակում տեղի ունեցած զարգացումներին՝ նշելով, որ Երևանում անցկացվել է Հայաստան-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության առաջին գագաթաժողովը։
Հայրապետյանի խոսքով՝ ԱՄՆ-ից հրավիրվել էին խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք վերահաստատել են Google ընկերության հայտարարությունը՝ Հայաստանում YouTube-ի գործընկերային ծրագրի (YouTube Partner Program) ակտիվացման վերաբերյալ։
«ԱՄՆ գործընկերները փոխանցեցին, վերահաստատեցին Google ընկերության՝ վաղ առավոտյան արած հայտարարությունը։ Հայաստանում, ամենայն հավանականությամբ, ապրիլի վերջին, մայիսի սկզբին կակտիվացվի դրամայնացումը։ Այսինքն՝ YouTube-ի գործընկերային փաթեթը կակտիվացվի Հայաստանում», -նշել է նախարարը։
Դրամայնացման ակտիվացումը հնարավորություն կտա հայաստանցի բովանդակություն ստեղծողներին պաշտոնապես միանալ YouTube-ի գործընկերային ծրագրին և եկամուտ ստանալ իրենց ալիքների դիտումներից ու գովազդներից։

