Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ օբյեկտի գործունեությունը կասեցվել է մինչև խախտումների վերացումը։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է «Սդ հոլդինգ» ՍՊ ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը։ Ստուգումն իրականացվել է Երևանի Սասունցի Դավիթի 7 հասցեում գործող օբյեկտում։

Տեսուչների կողմից արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ։ Մասնավորապես, սննդի կառույցի պատերը եղել են վնասված և չեն ունեցել հարթ մակերես, ինչպես նաև չեն պահպանվել նորոգ վիճակում։

Բացի այդ, առաստաղները չեն եղել ապահով և նորոգ, առկա են եղել տարբեր չափերի ճաքեր, ինչը չի ապահովել կեղտի կուտակումների և մասնիկների թափման ռիսկերի նվազեցում։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ օբյեկտի գործունեությունը կասեցվել է մինչև խախտումների վերացումը։ Տնտեսվարողին սահմանվել է վերջնաժամկետ՝ գործունեությունը համապատասխանեցնելու գործող նորմերին։

Կարգավորումը նպատակ ունի ապահովել սննդամթերքի անվտանգության պահանջների պահպանումը և նվազեցնել սպառողների առողջության համար հնարավոր ռիսկերը։