Երևանում ձնամաքրման աշխատանքների շրջանակում հունվարի 23-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, ԵԱՍՄ հիմնարկի բոլոր մեքենաները ամբողջությամբ տեղակայված են եղել վարչական շրջաններում՝ նախապես մշակված դիսլոկացիոն սխեմայի համաձայն։ Այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։
Նրա փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ մոբիլիզացվել է 137 միավոր տեխնիկա։ Հունվարի 23-ից 24-ի գիշերը տեխնիկան ամբողջությամբ դուրս է եկել փողոցներ և իրականացրել ճանապարհների մշակման աշխատանքներ։
Արդյունքում՝ հունվարի 24-ի դրությամբ մայրաքաղաքի բոլոր կենտրոնական և մասամբ երկրորդային փողոցները մաքված են եղել ձյան և սառույցի ծածկույթից։
Կամո Արեյանի խոսքով՝ երկու գիշերվա ընթացքում օգտագործվել է մոտ 1,000 տոննա աղ և ավազի խառնուրդ։ Ընդհանուր առմամբ՝ դեկտեմբերի 27-ից մինչև հունվարի 23-ը ծախսվել է շուրջ 10,000 տոննա աղ-ավազային խառնուրդ։
Նախորդ տարիների նույն ժամանակահատվածում օգտագործված ծավալը կազմել է մոտ 5–6 հազար տոննա՝ նույնիսկ ինտենսիվ ձմեռային սեզոնների ընթացքում։
Ներկայացված տվյալները ցույց են տալիս, որ ընթացիկ ձմեռային շրջանում ձնամաքրման աշխատանքների համար կիրառվել են ավելի մեծ նյութական և տեխնիկական ռեսուրսներ՝ նախորդ տարիների համեմատ։

