Երևան–Թեհրան հարաբերությունները զարգանում են ոչ թե իրավիճակային մոտիվներով, այլ ռազմավարական տեսլականով․ ՀՀ դեսպան

Նախագծի իրականացումը ոչ միայն կխթանի տնտեսական համագործակցությունը, այլև կամրապնդի խաղաղությունն ու կայունությունն ամբողջ տարածաշրջանում։

Հայաստանի ու Իրանի միջև հարաբերություններն ընթացիկ տարում ոչ միայն պահպանել են իրենց բարձր դինամիկան, այլև առաջ են շարժվում առավել խորքային ու ռազմավարական հենքով։ Ինչպես հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը, այդ մասին հայտարարել է Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը «Թասնիմ» լրատվամիջոցին տված հարցազրույցում։ 

Դեսպան Հակոբյանը, անդրադառնալով Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին և իր առաքելության ընթացքում այդ հարաբերություններն առավել զարգացնելուն ուղղված քայլերին, նշել է, որ Երևանի ու Թեհրանի միջև հարաբերությունները մշտապես բնորոշվել են փոխադարձ հարգանքով, վստահությամբ և բարիդրացիության այնպիսի որակով, որն առանձնահատուկ արժեք ունի Հարավային Կովկասի տարածաշրջանում։ 

«Մեր երկու ժողովուրդներին միավորում են հազարամյակների պատմական կապերը, որոնք այսօր վերածվել են դինամիկ և փոխշահավետ համագործակցության՝ ընդգրկելով բազմաթիվ ոլորտներ։ Կարևոր է ընդգծել, որ այս հարաբերությունները զարգանում են ոչ թե իրավիճակային մոտիվներով, այլ հստակ ռազմավարական տեսլականով։ Իսկ ի՞նչ է ենթադրում ռազմավարական այդ տեսլականը. ինչպես այս տարվա օգոստոսին Երևանում ամրագրել են վարչապետ Փաշինյանը և նախագահ Փեզեշքիանը, մեր երկրների միջև հարաբերությունները պետք է հասցնել ռազմավարական բնույթի»,-նշել է ՀՀ դեսպանը՝ հույս հայտնելով, որ իրենց բնույթով արդեն իսկ ռազմավարական այդ հարաբերությունները մոտ ապագայում կստանան նաև իրավական հենք՝ սահմանելով համագործակցության զարգացման նոր հորիզոններ։

Դեսպանի խոսքով՝ արդեն շուրջ մեկ տարի է, ինչ որպես Իրանում Հայաստանի դեսպան հավասարապես մեծ պատիվ և պատասխանատվություն ունի նպաստելու երկկողմ հարաբերությունների խորացմանը։ 

«Այս տարին, անկասկած, առանձնացավ Իրանի նախագահի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցով, համատեղ հայտարարությամբ և մեկ տասնյակից ավելի փաստաթղթերի ստորագրմամբ, որոնք ընդգրկում են հարաբերությունների գրեթե բոլոր ոլորտները։ Զուգահեռաբար, 2025 թվականն աչքի ընկավ քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտներում ակտիվ երկկողմ շփումներով։ ՀՀ ԱԽ քարտուղարի երկու այցերը Թեհրան, ԱԳ նախարարների տեղակալների մակարդակով քաղաքական խորհրդակցությունները, ինչպես նաև Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի, արտաքին գործերի, պաշտպանության և ԶՈՒ աջակցման, արդարադատության նախարարների այցերը Հայաստան, վկայում են բարձր մակարդակի շարունակական քաղաքական երկխոսության մասին։ Կարևոր էր նաև կրթական և մշակութային համագործակցությանը նոր լիցք հաղորդելը։ Այս տարվա ընթացքում կայացավ ՀՀ ԿԳՄՍ նախարարի այցը Իրան, որի ընթացքում ստորագրվեցին մի շարք կարևոր փաստաթղթեր, Իրանի ազգային գրադարանի և արխիվի կազմակերպությունում բացվեց հայկական անկյուն, իսկ այցի գագաթնակետը եղավ Պերսեպոլիսում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված բացառիկ համերգը»,-ասել է դեսպան Հակոբյանը:

Վերջինիս բնորոշմամբ՝ այսպիսի նախաձեռնությունները ոչ միայն ամրապնդում են ժողովուրդների մտերմությունը, այլև խորացնում մշակութային փոխըմբռնումը։ 

Դեսպանը նշել է, որ տարին նշանավորվել է նաև առևտրատնտեսական և ենթակառուցվածքային համագործակցության աշխուժացմամբ։ 

«Նախագահ Փեզեշքիանի՝ Հայաստան այցի ընթացքում անցկացվեց գործարար համաժողով, տարվա ընթացքում իրականացվեցին մի շարք ծրագրեր՝ ուղղված առևտրաշրջանառության ընդլայնմանը։ Թեև 2025թ․ վերջնական տնտեսական տվյալները դեռևս ամփոփված չեն, արդեն տեսնում ենք, որ առևտրաշրջանառությունը պահպանել է իր կայուն աճի միտումը։ Համոզված եմ, որ համատեղ նախաձեռնությունները, ներառյալ՝ տրանսպորտային և էներգետիկ մեծ նախագծերը, առաջիկա տարիներին մեր երկրների համագործակցությանը կհաղորդեն որակապես նոր մակարդակ։ Ամփոփելով՝ կարող եմ վստահաբար նշել, որ Հայաստան-Իրան հարաբերությունները ոչ միայն պահպանել են իրենց բարձր դինամիկան, այլև առաջ են շարժվում առավել խորքային ու ռազմավարական հենքով։ Մեր աշխատանքը միտված է այս դրական միտումները վերածելու երկարաժամկետ, կանխատեսելի և փոխշահավետ համագործակցության՝ բարգավաճման նոր հնարավորություններ ստեղծելով երկու ժողովուրդների համար։

Դեսպան Հակոբյանը հարցազրույցի ընթացքում խոսել է Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման վերաբերյալ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունի իրագործման ընթացքի մասին։

Այս առումով, պատասխանելով լրագրողի հարցին, որում վերջինս օգտագործել է «միջանցք» եզրույթը՝ դեսպան Գրիգոր Հակոբյանը, մասնավորապես, նշել է․ 

«Նախևառաջ թույլ տվեք անդրադառնալ Ձեր հարցադրման մեջ օգտագործված «միջանցք» եզրույթին։ 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարների կողմից ստորագրված հռչակագրով հստակ ամրագրված է, որ Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունն ապահովվելու է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» («TRIPP»)) ծրագրի շրջանակում։ Այսպիսով, Հայաստանի հարավով անցնող կապուղու պաշտոնական անվանումը հենց TRIPP է, և ցանկացած այլ բնորոշում, այդ թվում՝ «միջանցք», հակասում է հռչակագրի տառին և ոգուն, որը ստորագրել են Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահը և ԱՄՆ նախագահը»,-ընդգծել է ՀՀ դեսպանը։ 

Նա նաև հորդորել է իրանական փորձագիտական և լրատվական հանրությանը առաջնորդվել այս հստակ ձևակերպմամբ։ 

Դեսպանը շեշտել է, որ վաշինգտոնյան հռչակագիրը նախատեսում է ապաշրջափակել տրանսպորտային բոլոր հաղորդակցությունները՝ ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար՝ հիմնվելով պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության սկզբունքների վրա։ 

«Պետք է ընդգծեմ, որ հավատարիմ մնալով բարեկամության և փոխվստահության մթնոլորտին՝ այս ամբողջ գործընթացի շրջանակում պաշտոնական Երևանը հաշվի է առել Թեհրանի կենսական շահերը, իսկ զարգացումների վերաբերյալ տարբեր մակարդակներում ընթացել է ակտիվ երկխոսություն: Հարկ եմ համարում նաև նշել, որ հենց այս սկզբունքներն են այն հենասյուները, որոնք մշտապես առաջնային են եղել ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Իրանի Իսլամական Հանրապետության համար, և դրանց պահպանումը լիովին համահունչ է մեր երկու պետությունների շահերին»,-ընդգծել է ՀՀ դեսպանը։  

Նրա խոսքով՝ ապաշրջափակման արդյունքում Հայաստանը Նախիջևանի տարածքով երկաթուղային կապ կունենա Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ինչը աննախադեպ հնարավորություն կստեղծի Իրանի համար՝ ուղիղ երկաթուղային հաղորդակցություն հաստատելու Վրաստանի հետ՝ կապվելով սևծովյան նավահանգիստներին։ Իր հերթին, Իրանը կդառնա ՀՀ-ի համար երկաթուղային տարանցիկ ուղի՝ Կենտրոնական Ասիայի և Հեռավոր Արևելքի երկրների հետ կապվելու առումով: Դեսպանը մատնանշել է, որ նախատեսվում են լրացուցիչ կապեր Հայաստանի տարբեր շրջանների միջև, ինչը մեծ նշանակություն ունի երկրի ներքին տնտեսական և լոգիստիկ համակարգերի համար։ 

«Կարևոր է նաև, որ «Թրամփի ուղի» նախագծում երրորդ կողմի ներգրավման հարցում Հայաստանը և ԱՄՆ-ն ունեն հավասար վետոյի իրավունք, ուստի ցանկացած կողմ միայն Երևանի և Վաշինգտոնի համաձայնությամբ կարող ներգրավվել այդ ծրագրում։ Այժմ Վաշինգտոնի հետ ակտիվորեն քննարկվում են «Թրամփի ուղի» ծրագրի իրականացման ընդհանուր պայմանները։ Նախատեսվում է, որ Հայաստանում կգրանցվի հայ-ամերիկյան համատեղ «TRIPP Company»-ն, որը կստանա երկաթուղային, ճանապարհային, նավթային և գազային խողովակաշարերի, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք։ Նախանշվում է, որ արդեն հաջորդ տարի կանցնենք ծրագրի գործնական իրականացման և շինարարության փուլին»,-մանրամասնել է դեսպանը։ 

Գրիգոր Հակոբյանը հայտարարել է, որ «Թրամփի ուղի»-ն լիովին համահունչ է Հայաստանի կառավարության առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և նպաստելու է տարածաշրջանային փոխկախվածությունների ստեղծմանը՝ դառնալով կայուն խաղաղության կարևոր գործոն։ 

«Ուրախությամբ կարող եմ նշել, որ հաղորդակցությունների աստիճանական բացման վերաբերյալ քաղաքական համաձայնություններն արդեն տալիս են իրական արդյունքներ։ Ադրբեջանը հոկտեմբերին հայտարարել է իր տարածքով Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումների վերացման մասին, և արդեն ունենք առաջին գործնական օրինակները․ Ղազախստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով երկաթուղով հացահատիկ է տեղափոխվել Հայաստան։ Հայաստանը նույնպես բազմիցս հաստատել է իր պատրաստակամությունը՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տեխնիկական առումով ապահովելու Թուրքիայի և Ադրբեջանի միջև բեռների տարանցումն իր տարածքով: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ «Թրամփի ուղի» նախագիծը Հայաստանին, Ադրբեջանին և ամբողջ տարածաշրջանին առաջարկում է հաղորդակցման նոր, միջազգային աջակցությամբ ամրացված մոդել, որը հիմնված է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, փոխադարձության և իրավազորության սկզբունքների վրա»,-ասել է դեսպան Հակոբյանը։

Նա վստահություն է հայտնել, որ նախագծի իրականացումը ոչ միայն կխթանի տնտեսական համագործակցությունը, այլև կամրապնդի խաղաղությունն ու կայունությունն ամբողջ տարածաշրջանում։