ABNews

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի այցելուների համար

Լուրեր | 2026/07/06 14:08

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի այցելուների համար

Հանրապետությունում տիրող բարձր հրդեհավտանգ իրավիճակի և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթի պատճառով՝ հուլիսի 12-ին արգելոցը փակ կլինի բոլոր տեսակի այցելությունների համար։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

Հնարավոր հրդեհների առաջացումն ու դրանց ծանր հետևանքները կանխելու նպատակով նախարարությունը հորդորում է քաղաքացիներին ցուցաբերել առավելագույն զգոնություն և արգելոցի ու հարակից տարածքներում խստորեն պահպանել հրդեհային անվտանգության հետևյալ կանոնները.

  • Բաց կրակ և թափոններ. Չնետել այրվող լուցկի կամ չմարված ծխախոտի մնացորդներ, չայրել չոր խոտ կամ կենցաղային աղբ։

  • Խարույկների վառում. Խարույկ վառել բացառապես դրա համար նախատեսված հատուկ վայրերում, իսկ տարածքից հեռանալուց առաջ այն ամբողջությամբ մարել ջրով կամ հողով։

  • Ապակյա թափոններ. Բնության մեջ չթողնել ապակյա շշեր կամ բեկորներ, քանի որ դրանք արևի ճառագայթների տակ գործում են որպես ոսպնյակ և կարող են հրդեհի բռնկման պատճառ դառնալ։

Նախարարությունը հայցում է քաղաքացիների աջակցությունը «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ին, Էկոպարեկային ծառայությանը և ՆԳՆ Փրկարար ծառայությանը՝ անտառային հրդեհների կանխարգելման և արգելոցային ռեժիմի պահպանության հարցում։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը