Հայաստանը 70,4 միլիոն եվրո վարկ կստանա Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (Համաշխարհային բանկի խմբից)՝ «Հայաստանի ջրամատակարարման և ոռոգման բարելավման ծրագիր. Փուլ 1»-ի շրջանակում։
Այս մասին փետրվարի 26-ին Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը՝ վարկային համաձայնագրի վավերացման նախագծի քննարկման ժամանակ։
Համաձայնագրի պայմաններ
Համաձայն հիմնավորման՝ վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի սեպտեմբերի 11-ին և 18-ին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև։
Բանկը պարտավորվել է տրամադրել 70,4 մլն եվրո՝ ծրագրի ֆինանսավորման նպատակով։ Հայաստանի կառավարությունը պարտավորվում է համաֆինանսավորել հարկերը, տուրքերը, գործառնական և այլ ծախսերը, որոնք չեն ֆինանսավորվում վարկային միջոցներով։
Վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետը սահմանված է ստորագրումից հետո 180 օր։ Ծրագրի գործողության ժամկետը նախատեսված է 5 տարի՝ ուժի մեջ մտնելու օրվանից։ Համաֆինանսավորման համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթիվը սահմանված է 2026 թվականի մարտի 31-ը։
Ծրագրի բաղադրիչները
Ծրագիրը ներառում է հետևյալ հիմնական ուղղությունները՝
-
ջրային ոլորտի բարեփոխումներ և ինստիտուցիոնալ ամրապնդում,
-
գյուղական բնակավայրերի ջրամատակարարման և կոյուղու բարելավում,
-
կլիմայակայուն ոռոգման և ջրամատակարարման համակարգերի ներդրում,
-
ոռոգման ենթակառուցվածքների արդիականացում և համակարգերի կառավարում,
-
ծրագրի կառավարում։
Նախատեսվում է նաև համաֆինանսավորում Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից։
Ազդեցությունը
Ծրագրի նպատակն է արդիականացնել ջրամատակարարման և ոռոգման ենթակառուցվածքները՝ ներդնելով կլիմայակայուն լուծումներ։ Կառավարության ներկայացմամբ՝ դա կարող է նպաստել գյուղատնտեսական արտադրողականության բարձրացմանը, պարենային անվտանգության ամրապնդմանը և տարածքային զարգացման հավասարակշռմանը։
Նախաձեռնությունը ստացել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը և քննարկվել է արագացված ընթացակարգով։

