Wizz Air-ը խաբեց ուղևորներին․ ԱՄԷ չվերթները դադարեցվում են ոչ թե սեպտեմբերի 1-ից, այլ օգոստոսի 25-ից

Wizz Air ավիաընկերությունը նախապես հայտարարել էր, թե դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ չվերթները կդադարեցնի սեպտեմբերի 1-ից։ Սակայն այժմ ուղևորներին օդանավակայաններում հայտնում են, որ թռիչքները դադարեցվում են արդեն օգոստոսի 25-ից։ Այս քայլով մարդիկ փաստի առաջ են կանգնեցվում՝ այն դեպքում, երբ նրանք արդեն գնել էին տոմսեր և կազմել իրենց ճանապարհորդական ծրագրերը։

Ավիաընկերությունը գումարը չի վերադարձնում ուղևորների հաշվեհամարներին․ այն պահվում է միայն հավելվածում՝ որպես վիրտուալ կրեդիտ։ Սա նշանակում է, որ ուղևորները չեն կարող այդ գումարով գնել այլ ավիաընկերությունների տոմսեր։ Իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների ուղղությամբ այլընտրանք գործնականում չկա։

Ամենաբարդ իրավիճակում են նրանք, ովքեր գնել էին մեկնելու և վերադարձի տոմս։ Նրանց համար հետդարձի ճանապարհը նոր ֆինանսական բեռ է․ ստիպված են կրկին գումար ծախսել և ձեռք բերել արդեն կտրուկ թանկացած Air Arabia-ի կամ Fly Dubai-ի տոմսեր։

Ուղևորներին փոփոխության մասին հայտնում են միայն վերջին պահին՝ արդեն թռիչքի նախօրեին, երբ նրանք պատրաստ են ճանապարհվել։ Տուրիստական ընկերությունների և օպերատորների հեռախոսները բառացիորեն պայթում են դժգոհ և հուսահատ զանգերից։

Մինչ այս պահը Wizz Air-ը որևէ պաշտոնական պարզաբանում չի տարածել։ Ուղևորները ստանում են միայն հավելվածից եկող ծանուցումներ՝ հասկանալով, որ ընկերությունը խախտել է իր իսկ խոստումները և լրջորեն վնասել իրենց վստահությունը։

Այս մասին հայտարարում են օդանավակայաններում հավաքված ուղեւորները։ Լրատվությունը հաստատել են Wizz Air-ի ներկայացուցիչները Զվարթնոց օդանավակայանում։