Կառավարությունը ապրիլի 23-ի նիստում որոշում է ընդունել մաքսատուրքից ազատել «ԱԳՐՈՆԵՍԹ» և «ՎԱՆՍԵՎԱՆ» ընկերություններին՝ ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակում։
«ԱԳՐՈՆԵՍԹ» ՍՊԸ-ի դեպքում արտոնությունը վերաբերում է գերժամանակակից ջերմոցի կառուցման ծրագրին, որը կիրականացվի Կոտայքի մարզում։ Ներմուծվող հումքն ու սարքավորումները նախատեսված են լոլիկի արտադրության համար։
Ծրագրի ընդհանուր ներդրումը գնահատվում է շուրջ 11.1 մլրդ դրամ։ Մինչև 2027 թվականը նախատեսվում է ստեղծել 140 նոր աշխատատեղ՝ մոտ 200 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է շուրջ 550 մլն դրամ՝ 8.5 մլրդ դրամ արժեքով ներմուծվող ապրանքների համար։
«ՎԱՆՍԵՎԱՆ» ՍՊԸ-ի դեպքում ծրագիրը վերաբերում է գինու արտադրությանը Արմավիրի մարզում։ Ընկերությունը նախատեսում է իրականացնել 170.9 մլն դրամի ներդրում հումքի և հիմնական միջոցների ձեռքբերման համար։
Ներկայումս ընկերությունն ունի 4 աշխատատեղ՝ միջինում 160 հազար դրամ աշխատավարձով, և մինչև 2027 թվականը նոր աշխատատեղերի ստեղծում չի նախատեսվում։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 16.9 մլն դրամ։
Ներկայացված որոշումները ցույց են տալիս, որ պետական աջակցությունը ուղղվում է ինչպես բարձր ներդրումային և աշխատատեղ ստեղծող ծրագրերին, այնպես էլ գործող արտադրությունների տեխնոլոգիական արդիականացմանը։

