ABNews

Ինչ մակարդակի վրա է պետական պարտքը. 2025-ի մակրոտնտեսական արդյունքները

Լուրեր | 2026/06/08 16:03

Ինչ մակարդակի վրա է պետական պարտքը. 2025-ի մակրոտնտեսական արդյունքները

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր՝ հունիսի 8-ին, «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների շրջանակում զեկույցներով հանդես են եկել Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը:

ԿԲ գնահատականները. տնտեսական թռիչք չորրորդ եռամսյակում

Մարտին Գալստյանը հայտարարել է, որ 2025 թվականի ընթացքում և հատկապես 4-րդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճն արագացել է, ինչի արդյունքում տարեկան կտրվածքով արձանագրվել է 7.2 տոկոս տնտեսական աճ։ Այս ցուցանիշը շուրջ 2 տոկոսային կետով գերազանցել է Կառավարության նախանշած թիրախը:

Աճի արագացումն ուղղակիորեն անդրադարձել է հարկերի հավաքագրման վրա. հարկային եկամուտները 2024 թվականի համեմատ աճել են շուրջ 14 տոկոսով, իսկ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը բարձրացել է 0.6 տոկոսային կետով՝ կազմելով 24.1 տոկոս:

«Հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների արդյունավետ համադրման շնորհիվ 2025 թվականին հնարավոր է եղել ապահովել մակրոտնտեսական կայունությունը: Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը որոշակիորեն նվազել է և պահպանվել 50 տոկոսից ցածր մակարդակում», - ընդգծել է ԿԲ նախագահը:

Նիստի ընթացքում ներկայացվել են նաև ԿԲ ներքին թվերը. գլխավոր դրամատան 2025 թվականի վարչական ծախսերի փաստացի կատարողականը կազմել է 9.4 մլրդ դրամ (նախահաշվով նախատեսված 11.3 մլրդ դրամի 83%-ը):

Հաշվեքննիչ պալատ. Բյուջեի հաշվետվությունը զերծ է խեղաթյուրումներից

Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է պաշտոնական եզրակացությունը՝ փաստելով, որ բյուջեի կատարման հաշվետվությունը բոլոր էական առումներով տալիս է ճշմարիտ պատկերը: Պալատն արտահայտել է «չձևափոխված կարծիք», ինչը ֆինանսական աուդիտի լեզվով նշանակում է բացարձակ համապատասխանություն օրենքի պահանջներին: Ջանջուղազյանը նաև հայտնել է, որ 2025-ին պալատի պահպանման նպատակով պետբյուջեից օգտագործվել է 827.3 մլն դրամ:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը