Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2026 թվականի առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը բացահայտել է ուշագրավ միտումներ փոստային և սուրհանդակային ծառայությունների շուկայում։
2026թ․ առաջին կիսամյակում ոլորտի խոշոր խաղացողների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 2.358 մլրդ դրամ, մինչդեռ 2025 թ․ նույն ժամանակահատվածում այն կազմել էր 3.016 մլրդ դրամ։ Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընդհանուր հարկային մուտքերը նվազել են շուրջ 658 մլն դրամով կամ 22%-ով։ Միաժամանակ, մասնավոր հատվածը շարունակում է գրանցել աճի նոր նշաձողեր։
Եթե դիտարկենք ըստ առանձին ընկերությունների,
Հայփոստը շարունակում է մնալ ոլորտի ամենախոշոր հարկատուն՝ 2026 թ․ առաջին կիսամյակում վճարելով 1,067 մլրդ դրամ հարկ։ Համեմատության համար նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր կրկնակի ավելի շատ՝ 2,140 մլրդ դրամ հարկ։
Onex-ն այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե է վճարել 766 մլն դրամ հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վճարված 647 մլն դրամի համեմատ գրանցելով շուրջ 18% (119 մլն դրամ) աճ՝ ոլորտի մասնավոր ընկերությունների կողմից վճարված հարկերով զբաղեցնելով առաջատար դիրքեր։
Globbing-ը վճարել է 255 մլն դրամ, ինչը 11%-ով կամ շուրջ 25 մլն դրամով ավելի է, քան 2025 թվականի առաջին կիսամյակում վճարված 229 մլն դրամը։
FedEx-ը (Տրանսիմպեքս) 2025թ․ չկար 1000 խոշոր հարկատուների ցանկում, իսկ 2026թ․ հայտնվելով խոշոր հարկատուների ցանկում՝ առաջին կիսամյակում վճարել է մոտ 271 մլն դրամ հարկ։
Փոստային ու սուրհանդակային ծառայություններ մատուցող այլ ընկերությունները չեն հայտնվել 1000 խոշոր հարկատուների ցանկում։
Ամփոփելով՝ թեև փոստային և սուրհանդակային ծառայությունների ոլորտի ընդհանուր հարկային մուտքերը նվազել են, մասնավոր հատվածում զգալի աճ է գրանցվել, և ակնհայտ է դառնում ոլորտում մասնավոր սեգմենտի դերակատարման մեծացումը։
Տվյալների աղբյուր՝ ՀՀ ՊԵԿ պաշտոնական հաշվետվություններ


