Մերձավոր Արևելքում հակամարտության սրման դեպքում Հայաստանում գնաճը կարող է աճել 1.2-1.7 տոկոսով։ Այս մասին հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով՝ հնարավոր ազդեցությունը պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում՝ նավթի գների աճով, ներմուծման այլընտրանքային ուղիների օգտագործմամբ և Իրանից ներմուծվող պարենային ապրանքների փոխարինմամբ։
Գալստյանը նշել է, որ այս գնահատականները վերաբերում են ռիսկային սցենարներին և կախված են դրանց իրականացմանից։
Նա ընդգծել է, որ տարածաշրջանային զարգացումները կարող են նաև մեծացնել տնտեսության դանդաղման և գնաճային ճնշումների ռիսկերը։
ԿԲ նախագահի գնահատմամբ՝ համաշխարհային տնտեսական ակտիվության հնարավոր նվազումը կարող է ազդեցություն ունենալ նաև Հայաստանի տնտեսության վրա։
Բացի տնտեսական գործոններից, նա անդրադարձել է նաև հնարավոր անուղղակի ազդեցություններին։ Մասնավորապես, ըստ նրա, տարածաշրջանային լարվածությունը կարող է ազդել զբոսաշրջային հոսքերի վրա, ինչպես նաև ստեղծել խոչընդոտներ արտահանման և լոգիստիկ գործընթացներում, այդ թվում՝ ԱՄԷ-ի միջոցով իրականացվող փոխադրումների մասով։
Գալստյանը նշել է, որ Իրանի շուրջ զարգացումների խորացման դեպքում ազդեցությունը կարող է լինել ավելի լայն, սակայն այս պահին նման սցենարի իրագործման փաստ չկա։
Նրա խոսքով՝ ռիսկերի իրականացման դեպքում կձեռնարկվեն համապատասխան քայլեր՝ հնարավոր բացասական հետևանքները մեղմելու համար։

