ABNews

«Հայաստանում առաջին հերթին սիրում եմ սնունդը»․ Արման Ծառուկյանի բացառիկ հարցազրույցը՝ Երվանդ Հակոբյանի հետ

Սպորտ | 2026/08/07 17:45

«Հայաստանում առաջին հերթին սիրում եմ սնունդը»․ Արման Ծառուկյանի բացառիկ հարցազրույցը՝ Երվանդ Հակոբյանի հետ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում հավաք անցկացնող UFC-ի հայ աստղ Արման Ծառուկյանը կարճ հարցազրույց է ունեցել սպորտային համալիրի մեդիա բաժնի հետ։

«Ես վերջին անգամ վեց տարի առաջ եմ եղել այստեղ՝ Ծաղկաձորի սպորտ բազայում։ Իմ ընկեր Արսեն Հարությունյանի հրավերով եմ հավաք անցկացնում ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի հետ: Վեց տարվա մեջ շատ բան է փոխվել՝ ռեստորանը, լողավազանը, հյուրանոցի համարները: Ամեն ինչ հրաշալի է․ Մարզադահլիճները մաքուր են, գեղեցիկ ու ընդարձակ: Ամենակարևորն այն է, որ անտառի մեջ է ու մարդ չկա: Քաղաքում, երբ մարզվում ես, էներգիա ես ծախսում մարդկանց հետ շփվելու, լուսանկարվելու վրա, իսկ այստեղ հարմար է միայն մարզումների վրա կենտրոնանալու համար:

Հայաստանում առաջին հերթին սիրում եմ սնունդը։ Այստեղ` Ծաղկաձորում շատ կարևոր է օդը, քանի որ մենք ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա ենք: Դա շատ կարևոր է շնչառության համար: Երևանում ավելի հեշտ է մարզվելը, բայց այստեղի դժվար պարապմունքները լավ արդյունք են տալիս»,-նշել է Արման Ծառուկյանը:

Ծառուկյանն ասել է, որ Ծաղկաձորում ըմբիշների հետ է մարզվում, բայց իր 10 հոգանոց թիմը նույնպես այստեղ է։ «Շաբաթական երկու անգամ ըմբշամարտով ենք զբաղվում, մյուս օրերին՝ բոքս, քիքբոքսինգ, գրեփլինգ: Ըմբիշները լավ տեխնիկաներ են սովորեցնում, որոնք կարող են օգնել ինձ»,-ասել է հայ մարզիկը:

Անդրադառնալով Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերին հնարավոր մասնակցությանը Ծառուկյանը նշել է․
«Տեղեկությունը, թե մասնակցելու են Օլիմպիական խաղերին, ճիշտ չէ։ Իմ հիմնական ուղղությունը MMA-ն է: Ես ուզում եմ UFC-ում բոլոր ռեկորդները սահմանել, հետո նոր թողնել սպորտը: Դրանից հետո արդեն ուզում եմ վայելել կյանքը»:

Հարցին, թե ե՞րբ Արման Ծառուկյանին երկրպագուները կտեսնեն UFC չեմպիոնական գոտիով, հայ մարտիկը պատասխանել է․

«Հիմա նպատակս BMF տիտղոսն է, որից հետո՝ արդեն չեմպիոնական տիտղոսը: Տիտղոսային մենամարտը երևի կլինի հունվարին կամ դեկտեմբերի վերջին: Չարլզ Օլիվերայի դեմ մենամարտը հնարավոր է կայանա սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում՝ UFC BMF տիտղոսի համար»,-ասել է Ծառուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը