Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ներքին գործերի և միգրացիայի հարցերով ԵՄ հանձնակատար Մագնուս Բրունների գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ՀՀ–ԵՄ երկկողմ համագործակցության ընդլայնումը։ Հանդիպման հիմնական թեման եղել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության շրջանակում ձեռք բերված հաջողությունները և հաստատված գործողությունների ծրագրի կիրարկումը։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ աշխատանքները վիզաների ազատականացման ուղղությամբ։
Հանդիպումից հետո ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և ԵՄ հանձնակատար Մագնուս Բրունները հանդես են եկել հայտարարություններով։

