ԱՄՆ-ը Իրանի հետ չի կնքի «անբարենպաստ» գործարք

ԱՄՆ պաշտոնյաները նշում են, որ առանց ռազմական ճնշման դժվար է ակնկալել Թեհրանի դիրքորոշման փոփոխություն։

ԱՄՆ-ը չի պատրաստվում Իրանի հետ կնքել որևէ համաձայնագիր, որը չի համապատասխանի Վաշինգտոնի և միջազգային հանրության շահերին։ Այս մասին The New York Times-ին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Օլիվիա Ուելսը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը չի վարում բանակցություններ լրատվամիջոցների միջոցով և արդեն հստակ ներկայացրել է իր «կարմիր գծերը»։

«Նախագահ Թրամփը կկնքի միայն այնպիսի գործարք, որը շահավետ կլինի ամերիկացիների և ողջ աշխարհի համար»,- նշել է Ուելսը։

Միևնույն ժամանակ, ամերիկյան կողմը կարծում է, որ իրանցի բանակցողները չունեն բավարար լիազորություններ՝ միջուկային ծրագրի հարցում էական զիջումների գնալու համար։

The New York Times-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտոնյաները նշում են, որ առանց ռազմական ճնշման դժվար է ակնկալել Թեհրանի դիրքորոշման փոփոխություն։

Սակայն, ըստ նրանց, նույնիսկ ռազմական գործողությունների շարունակումը չի երաշխավորում, որ Իրանի որոշումների կայացման գործընթացը կփոխվի։

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Թրամփը, ամենայն հավանականությամբ, չի ընդունի Իրանի առաջարկը՝ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ, քանի որ այն չի ներառում միջուկային ծրագրի կարգավորման հստակ դրույթներ։