ԱՄՆ-ը ռազմավարական պահուստից 8.5 մլն բարել նավթ կհատկացնի ընկերություններին

Ընկերությունները նավթը ստանում են որպես կրեդիտ։

ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը ռազմավարական նավթի պահուստից շուրջ 8.5 մլն բարել նավթ կփոխանցի չորս ընկերությունների։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նավթը կտրամադրվի «Gunvor USA», «Macquarie Commodities Trading US», «Phillips 66» և «Trafigura Trading LLC» ընկերություններին՝ փոխանակման սկզբունքով։

Սա նշանակում է, որ ընկերությունները նավթը ստանում են որպես կրեդիտ և պարտավորվում են մինչև 2027 թվականը վերադարձնել նույն ծավալը՝ հավելյալ քանակով։

Նավթի փոխանցումը կիրականացվի Տեխասի Ֆրիփորթ քաղաքում գտնվող «Bryan Mound» պահոցից։

ԱՄՆ իշխանությունները մարտին հայտարարել էին, որ 120 օրվա ընթացքում ռազմավարական պահուստից ընդհանուր առմամբ շուկա կթողնեն 172 մլն բարել նավթ։

Միաժամանակ նախատեսվում է հաջորդ տարվա ընթացքում պահուստը համալրել շուրջ 200 մլն բարելով։

Այս պահին ԱՄՆ ռազմավարական պահուստում կա մոտ 413 մլն բարել նավթ, իսկ առավելագույն տարողունակությունը կազմում է 714 մլն բարել։

Նավթի շուկայի կայունացման նպատակով Միջազգային էներգետիկ գործակալության անդամ երկրները նույնպես պայմանավորվել են տրամադրել շուրջ 400 մլն բարել նավթ իրենց պահուստներից։