ԱՄՆ Պետդեպարտամենտը բարձրացրել է Ադրբեջան մեկնելու վերաբերյալ նախազգուշացման մակարդակը՝ հասցնելով այն 3-րդ մակարդակի։ Քաղաքացիներին կոչ է արվում վերանայել Ադրբեջան ուղևորվելու հնարավորությունը՝ Իրանի հետ կապված հակամարտության սրման ֆոնին։
Պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ որոշումը պայմանավորված է անօդաչու թռչող սարքերի հարվածների և Թեհրանից հրթիռային հարձակումների «շարունակական սպառնալիքով», ինչպես նաև ահաբեկչության և զինված հակամարտության ռիսկերով։
Հաղորդագրությունում նշվում է, որ որոշ տարածքներում վտանգի մակարդակը բարձր է։
Մասնավորապես, ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ չի տրվում ճանապարհորդել՝
-
Հարավային սահմանային շրջաններ՝ զինված հակամարտության վտանգի պատճառով (բացառությամբ այն դեպքերի, երբ դա Իրանից լավագույն ցամաքային ելքն է),
-
Հայաստանի հետ սահմանային հատվածներ՝ ականապատ տարածքների վտանգի պատճառով,
-
նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ և հարակից տարածքներ՝ ականապատ տարածքների պատճառով։
Նշվում է նաև, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողությունների սկսվելուց հետո պահպանվում է Իրանից հնարավոր հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների սպառնալիքը։ Հաղորդագրությունում հիշատակվում է մարտի 5-ին Նախիջևանի միջազգային օդանավակայանում արձանագրված անօդաչու թռչող սարքի հարվածը։

