ԱՄՆ-ի պետական պարտքը 2027-ին կգերազանցի ՀՆԱ-ի 120%-ը․ Fitch

Թվերն ավելի պատկերավոր դարձնելու համար նշվում է, որ մեկ բնակչի հաշվով պարտքն այսօր կազմում է ավելի քան 114 հազար դոլար։

Միջազգային վարկանիշային Fitch Ratings գործակալությունը հրապարակել է զեկույց, որտեղ կանխատեսում է ԱՄՆ պետական պարտքի աննախադեպ աճ։ Ըստ վերլուծաբանների՝ մինչև 2027 թվականը պարտքի ծավալը կգերազանցի երկրի ՀՆԱ-ի 120%-ը։

Գործակալությունն ակնկալում է, որ այս և հաջորդ տարի ԱՄՆ պետական բյուջեի դեֆիցիտը կպահպանվի բարձր մակարդակի վրա՝ կազմելով ՀՆԱ-ի 7,9%-ը։ Այս պահին ԱՄՆ-ի պետական պարտքն արդեն գերազանցել է 39,1 տրիլիոն դոլարի շեմը։ Թվերն ավելի պատկերավոր դարձնելու համար նշվում է, որ մեկ բնակչի հաշվով պարտքն այսօր կազմում է ավելի քան 114 հազար դոլար։ Fitch-ի փորձագետների կարծիքով՝ դեֆիցիտի նման մակարդակը և պարտքի աճող բեռը լուրջ մարտահրավեր են աշխարհի խոշորագույն տնտեսության համար։