ԱՄՆ կառավարության ֆինանսավորման մասնակի դադարեցումը կարող է տեղի ունենալ արդեն այս շաբաթվա վերջին։ Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ անդրադառնալով Կոնգրեսում ընթացող բյուջետային բանակցություններին։
Ընթացիկ ֆինանսական տարվա բյուջեն, որը մեկնարկել է 2025 թվականի հոկտեմբերի 1-ից, դեռևս ամբողջությամբ հաստատված չէ։ Կոնգրեսի Սենատի դեմոկրատները պահանջում են փոփոխություններ բյուջեի նախագծում, մասնավորապես՝ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության ֆինանսավորման մասով։ Այդ պահանջները, ըստ WSJ-ի, քիչ հավանական է, որ աջակցություն ստանան հանրապետականների կողմից։
Օրենսդրական ընթացակարգի համաձայն՝ կառավարության ֆինանսավորումը պետք է հաստատվի մինչև շաբաթ օրը՝ ժամը 12:01-ը։ Հակառակ դեպքում կսկսվի ֆինանսավորման մասնակի դադարեցում (shutdown)։
Կոնգրեսը պետք է ընդունի բյուջետային փաթեթի 12 մասերից մնացած 6-ը, որոնք կֆինանսավորեն կառավարության գործունեությունը մինչև սեպտեմբեր։ Փաթեթի մյուս վեց մասերն արդեն ընդունվել են Կոնգրեսի կողմից և ստորագրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։
Ներկայում օրենսդիրների կողմից վերանայման փուլում են Պենտագոնի, առողջապահության և սոցիալական ծառայությունների, աշխատանքի և ներքին անվտանգության նախարարությունների ֆինանսավորման հատկացումները։
Հանրապետականների վերահսկողության տակ գտնվող Ներկայացուցիչների պալատը նախորդ շաբաթ ընդունել է բյուջետային փաթեթի վեց մասերը և դրանք միավորել մեկ նախաձեռնության մեջ՝ Սենատի քննարկման համար։ Թեև հանրապետականները մեծամասնություն ունեն Սենատում (53 ձայն ընդդեմ 47-ի), օրենսդրական կանոնների համաձայն օրինագիծն առաջ մղելու համար անհրաժեշտ է առնվազն 60 ձայն։
Ակնկալվում էր, որ դեմոկրատները կապահովեն անհրաժեշտ ձայները բյուջետային փաթեթի ընդունման համար, սակայն ներկայիս տարաձայնությունները մեծացնում են ֆինանսավորման դադարեցման հավանականությունը։

