ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 45 անդամներ հանդես են եկել ՀՀ–ին տրամադրվող աջակցության ավելացման օգտին

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նամակը։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի սատարումը վայելող ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի երկկուսակցական նամակը Հատկացումների ենթահանձնաժողովին կոչ է անում տրամադրել անվտանգային օգնություն Հայաստանին, մարդասիրական աջակցություն Արցախի փախստականներին, ապահովել Ադրբեջանի պատասխանատվությունը և վերահսկողություն սահմանել TRIPP նախաձեռնության իրականացման նկատմամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակից։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նամակը, որը ստորագրել են Ներկայացուցիչների պալատի ավելի քան 45 անդամներ՝ կոչ անելով Ներկայացուցիչների պալատի Ազգային անվտանգության, Պետքարտուղարության և հարակից ծրագրերի Հատկացումների ենթահանձնաժողովին` (NSRP) 2027 ֆինանսական տարվա NSRP հատկացումների օրենքում ներառել Հայաստանին և Արցախին առնչվող կարևոր դրույթներ։

Նամակով կոչ է արվում ընդլայնել ԱՄՆ-Հայաստան անվտանգային համագործակցությունը, հատկացնել 100 միլիոն դոլար մարդասիրական օգնություն Արցախից բռնի տեղահանված հայերին, արգելել ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին, վերջինիս նպատմամբ կիրառել «Գլոբալ Մագնիցկու» պատժամիջոցներ, ինչպես նաև ապահովել Կոնգրեսի իրական վերահսկողությունը TRIPP նախաձեռնության նկատմամբ։

Նամակը մասնավորապես հասցեագրում է հետևյալ առաջնահերթությունները․

Հայաստանի անվտանգային աջակցություն

Նամակը կոչ է անում հատկացնել 20 միլիոն դոլար Foreign Military Financing (FMF) ծրագրի և 10 միլիոն դոլար International Military Education and Training (IMET) ծրագրի համար՝ նշելով, որ հավելյալ օգնությունը «կարևոր դեր կխաղա Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման և Ադրբեջանի անդադար ծավալապաշտության, ագրեսիայի և ուժի կիրառման սպառնալիքների դեմ զսպման մեխանիզմ ստեղծելու գործում»։ Հանձնախումբը նաև զգուշացրել է, որ «Ալիևի ռեժիմը կփորձի օգտվել Ուկրաինայում Ռուսաստանի շարունակվող պատերազմից և Մերձավոր Արևելքում առկա անկայունությունից՝ բանակցությունների այս վճռական փուլում Հայաստանի դեմ իր ռազմական առավելությունը առաջ մղելու համար»։

Մարդասիրական օգնություն Արցախից տեղահանված անձանց

Նամակով պահանջում է հատկացնել 100 միլիոն դոլար AEECA Humanitarian Account ծրագրի միջոցով՝ նշելով, որ Ադրբեջանի 2023 թվականի ներխուժումը հանգեցրել է «տարածաշրջանի ամբողջ բնիկ հայկական բնակչության ցեղասպանական էթնիկ զտմանը»՝ նախորդած «10 ամիս տևած շրջափակմանը, որի ընթացքում Ադրբեջանը դիտավորությամբ զրկել է ավելի քան 120․000 հայերի սննդից, վառելիքից, դեղորայքից և այլ կենսական անհրաժեշտ ապրանքներից»։ Նամակով զգուշացվում է՝ առկա օգնությունը «լիովին անբավարար է այս ընտանիքների չբավարարված կարիքները հոգալու համար», իսկ Ադրբեջանի «շարունակական հրաժարումը երաշխավորել հայերի անվտանգ վերադարձը իրենց տները, ինչպես պահանջում է միջազգային իրավունքը, շարունակում է խոչընդոտել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը»։

Ադրբեջանի պատասխանատվություն և հայ պատանդների ազատ արձակում

Նամակը կոչ է անում ամբողջությամբ արգելել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին՝ նշելով, որ «չնայած շարունակվող խաղաղության բանակցություններին՝ Ադրբեջանը շարունակում է գործողություններ իրականացնել, որոնք հակասում են խաղաղության իր հայտարարած հանձնառությանը»։ Դրանց թվում է 16 հայ ռազմագերիների դատապարտումը 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման՝ «երկարատև կեղծ դատավարություններից հետո, որոնց ընթացքում հայ գերիները ենթարկվել են բռնությունների, խոշտանգումների ու զրկվել իրենց հիմնարար իրավունքներից»։ Նաև կոչ է արվում վերանայել Global Magnitsky Act-ի շրջանակում պատժամիջոցների կիրառումը՝ ուղղված մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների դեմ։

TRIPP նախաձեռնության վերահսկողություն

TRIPP միջանցքի շրջանակի վերաբերյալ նամակում նշվում է, որ համաձայնագիրը «առաջացնում է մտահոգություններ Հայաստանի ինքնիշխանության և իր տարածքի նկատմամբ սեփականության իրավունքների վերաբերյալ»։ Նշվում են նաև «չպատասխանված հարցեր երթուղու անվտանգության վերաբերյալ, հատկապես այն երաշխիքների մասին, որ այն չի օգտագործվի Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական բեռնափոխադրումների կամ զենքի վաճառքի համար, ինչը կվտանգի Հայաստանի անվտանգությունը»։

Կոնգրեսականները մտահոգություն են հայտնում այն մասին, որ «Ադրբեջանը փորձում է ներգրավել օտարերկրյա ներդրումներ նախկինում հայաբնակ տարածքների քանդման, վերակառուցման և վերազարգացման համար» և կոչ են արել պետքարտուղարությանն ու առևտրի նախարարությանը զեկուցել, թե արդյոք Ադրբեջանում գործող ամերիկյան կազմակերպությունները «նյութական աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանի շարունակվող մարդու իրավունքների խախտումներին»։

ԱՄՆ 45 կոնգրեսականների նամակի առթիվ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Կոնգրեսի ավելի քան քառասունհինգ անդամներ իրենց անունը դրել են հստակ և սկզբունքային ուղերձի տակ․ Միացյալ Նահանգները պետք է կանգնի Հայաստանի կողքին, պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին և արդարություն ապահովի արցախահայության համար։ Այս նամակը, որ հնարավոր է դարձել ամբողջ երկրով մեկ համախմբված ամերիկահայերի ջանքերով, հատկացումների ենթահանձնաժողովին տալիս է երկկուսակցական մանդատ։ 2027 ֆինանսական տարվա հատկացումների գործընթացը Կոնգրեսի ամենահզոր գործիքներից մեկն է, և Հայկական հարցերով հանձնախումբն այս նամակով այդ ուժը ծառայեցնում է հայ-ամերիկյան առաջնահերթություններին»։

Նամակի ամբողջական տեքստը հասանելի է հետևյալ հղումով։