Միացյալ Նահանգները ավարտել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) դուրս գալու գործընթացը, որը մեկնարկել էր մեկ տարի առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո։ Այդ մասին հաղորդել է Bloomberg-ը։
Ըստ հրապարակման՝ ԱՄՆ-ը չի մարել ԱՀԿ-ին ունեցած շուրջ 260 միլիոն դոլարի ֆինանսական պարտավորությունը։ Միաժամանակ, կազմակերպության նկատմամբ ԱՄՆ-ի ֆինանսավորումը ամբողջությամբ դադարեցվել է։
ԱՄՆ առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարության տվյալներով՝ ԱՀԿ-ում աշխատող ամերիկացի աշխատակիցները հետ են կանչվել կազմակերպության բոլոր ոլորտներից և կենտրոնակայաններից։ Բացի այդ, ԱՄՆ-ը դադարեցրել է իր մասնակցությունը ԱՀԿ-ն ֆինանսավորող ղեկավար մարմինների և աշխատանքային խմբերի գործունեությանը։
ԱՀԿ-ից ԱՄՆ-ի դուրս գալու ավարտը հանգեցրել է կազմակերպության հետ ֆինանսական, կառավարչական և գործառութային համագործակցության ամբողջական դադարեցման։

