ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակի հայտերի ընդունման մասին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Մրցանակը շնորհվում է անհատներին, հաստատություններին կամ հասարակական կազմակերպություններին, որոնց ծրագրերն ու նախաձեռնությունները առնվազն երկու տարվա ընթացքում ունեցել են երկարաժամկետ ազդեցություն աղջիկների և կանանց կրթության վրա։
Նախաձեռնությունը միտված է Կայուն զարգացման 4-րդ և 5-րդ նպատակների իրականացմանը՝ ապահովել ներառական և որակյալ կրթություն, ինչպես նաև խթանել գենդերային հավասարությունն ու կանանց հնարավորությունների ընդլայնումը։
Յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը երեք թեկնածություն։ Հայտերը ներկայացվում են բացառապես ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության միջոցով։ Ինքնաառաջադրումները չեն ընդունվում։
ԿԳՄՍ նախարարությունը նշում է, որ մրցանակի չափանիշներին չհամապատասխանող հայտերը չեն ուսումնասիրվի։
Հայտերի ամբողջական փաթեթը պետք է ներկայացնել մինչև 2026 թվականի ապրիլի 26-ը՝ նախարարության [email protected] էլեկտրոնային հասցեին։
Լրացուցիչ տեղեկատվություն հնարավոր է ստանալ ԿԳՄՍՆ միջազգային համագործակցության և սփյուռքի հետ կապերի բաժնից։

