Թուրքիայում հարյուրավոր հյուրանոցներ կարող են փակվել՝ նոր կանոնների պատճառով

Փոփոխությունների պատճառը Կարտալկայա լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած ողբերգական հրդեհն է։

Թուրքիայում բազմաթիվ հյուրանոցներ կարող են դադարեցնել գործունեությունը, եթե մինչև մայիսի 31-ը չհասցնեն համապատասխանել հրդեհային անվտանգության խստացված չափանիշներին։

Ekonomim պարբերականի տվյալներով՝ նոր կանոնները ուժի մեջ են մտել 2025 թվականի հունվարից և վերաբերում են ինչպես լիցենզավորման, այնպես էլ գործող թույլտվությունների երկարաձգման գործընթացին։

Փոփոխությունների պատճառը Կարտալկայա լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած ողբերգական հրդեհն է, որի հետևանքով զոհվել էր 78 մարդ, մեծ մասը՝ երեխաներ։

Հոդվածում նշվում է, որ կարգավորող մարմինների ծանրաբեռնվածության պատճառով ստուգումների հերթերը կարող են ձգվել մինչև մեկ տարի։

Ամենաբարդ իրավիճակը Ստամբուլում է, որտեղ գործում է ավելի քան 3000 հյուրանոց՝ շուրջ 250 հազար ննջատեղով։

Միաժամանակ, նախատեսվում է քաղաքում բացել ևս տասնյակ նոր հյուրանոցներ, ինչը լրացուցիչ ճնշում է ստեղծում համակարգի վրա։

Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները առաջարկում են ժամանակավոր լուծում՝ թույլ տալ շարունակել գործունեությունը այն հյուրանոցներին, որոնք արդեն գրանցվել են ստուգումների համար, բայց դեռ չեն հասցրել ավարտել գործընթացը։

Տվյալ իրավիճակը կարող է ազդել Թուրքիայի զբոսաշրջային ոլորտի վրա՝ հատկապես բարձր սեզոնի նախաշեմին։