Թրամփի «ոսկե քարտը» ձեռք է բերել ընդամենը մեկ օտարերկրացի

Ծրագիրը նախատեսում է, որ օտարերկրյա քաղաքացիները կարող են առնվազն 1 միլիոն դոլար վճարելով՝ օրինական կերպով ապրել և աշխատել ԱՄՆ-ում։։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած «ոսկե քարտ» վիզայի ծրագրի շրջանակում արդեն հաստատվել է առնվազն մեկ դիմորդ, հայտարարել է ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լյութնիկը։

Ծրագիրը նախատեսում է, որ օտարերկրյա քաղաքացիները կարող են առնվազն 1 միլիոն դոլար վճարելով՝ օրինական կերպով ապրել և աշխատել ԱՄՆ-ում։

Լյութնիկի խոսքով՝ ծրագրի մեկնարկից հետո՝ դեկտեմբերին, կառավարությունը մի քանի օրվա ընթացքում վաճառել է շուրջ 1.3 միլիարդ դոլարի «արժեքով» վիզաներ։ Նախկինում Թրամփը ներկայացրել էր «ոսկե քարտը»՝ այն համեմատելով «գրին քարտ՝ ստերոիդների վրա» տարբերակի հետ։

Այնուամենայնիվ, Լյութնիկը Կոնգրեսի լսումների ժամանակ չի մեկնաբանել տվյալների միջև առկա հնարավոր անհամապատասխանությունը։ Նրա խոսքով՝ ներկայում «հարյուրավոր դիմորդներ գտնվում են հերթում», և գործընթացը շարունակվում է։

Թրամփը դեռ անցած տարի առաջարկել էր ծրագրի գաղափարը՝ սկզբում նշելով 5 միլիոն դոլար վճարի տարբերակ և պնդելով, որ այն կգրավի բարձր որակավորում ունեցող մասնագետների և լրացուցիչ եկամուտներ կբերի դաշնային բյուջեին։ Ծրագիրը նախատեսվում է փոխարինել EB-5 ներդրումային վիզայի ծրագրին, որը երկար տարիներ հնարավորություն էր տալիս ԱՄՆ վիզա ստանալ մոտ 1 միլիոն դոլարի ներդրում կատարելու դեպքում։

Լյութնիկի խոսքով՝ յուրաքանչյուր դիմորդ վճարում է նաև 15,000 դոլար լրացուցիչ տուրք՝ խիստ ստուգումների համար։ Ծրագիրը նաև թույլ է տալիս ընկերություններին վճարել 2 միլիոն դոլար՝ օտարերկրյա աշխատակից ներգրավելու համար, ինչպես նաև նախատեսում է տարեկան 1% սպասարկման վճար։

Նմանատիպ «ոսկե վիզաների» ծրագրեր գործում են նաև մի շարք այլ երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Հունաստանում, Մալթայում, Ավստրալիայում, Կանադայում և Իտալիայում։