Թրամփ-Փաշինյան հեռախոսազրույց տեղի չի ունեցել․ վարչապետի մամուլի քարտուղարի հերքումը

Նշված պնդումն ունի օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության՝ FIMI-ի բնորոշ հատկանիշներ։

X սոցիալական հարթակում որոշ օգտահաշիվների կողմից տարածվում է ակնհայտ կեղծ և մանիպուլյատիվ տեղեկություն այն մասին, թե իբր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում գրառում է կատարել՝ հայտնելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

«Հայտնում եմ, որ նման հեռախոսազրույց տեղի չի ունեցել։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև նման բովանդակությամբ քննարկում չի եղել։ Տարածվող տեղեկությունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։

Նշված պնդումն ունի օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության՝ FIMI-ի բնորոշ հատկանիշներ։ Մասնավորապես, հաշվի առնելով դրա տարածման մեթոդաբանությունը՝ X հարթակում մի շարք օգտահաշիվների կողմից նույնաբովանդակ կամ փոխկապակցված ձևակերպումներով ամպլիֆիկացված տարածումը, չստուգված աղբյուրի վրա հիմնված պնդման շրջանառումը, դիտարկում ենք որպես համակարգված տեղեկատվական մանիպուլյացիայի փորձ։

Հորդորում ենք լրատվամիջոցներին, հանրային դերակատարներին և սոցիալական ցանցերի օգտատերերին զերծ մնալ չստուգված տեղեկությունների տարածումից, հատկապես այն դեպքերում, երբ դրանք վերաբերում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանային կայունությանը»,- գրել է Բաղդասարյանը։