Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը հայտարարել է, որ Հայաստանը և տարածաշրջանի երկրները կարևոր դեր ունեն եվրոպական կապակցվածության և էներգետիկ համագործակցության շրջանակում։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն արդեն ֆինանսավորել է Հայաստան–Վրաստան էլեկտրահաղորդման գծերի փոխկապակցման ծրագիրը, որը հնարավորություն կտա Հայաստանին ստանալ լրացուցիչ էլեկտրաէներգիա Վրաստանից։
Կոսը ընդգծել է, որ առանց Վրաստանի մասնակցության տարածաշրջանային կապակցվածության լիարժեք զարգացումը դժվար է, սակայն այդ ներգրավումը կախված է հենց Թբիլիսիի պատրաստակամությունից։
Հանձնակատարը նաև նշել է, որ Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը ԵՄ-ի համար կարևոր են ոչ միայն որպես տրանսպորտային միջանցք, այլև որպես էներգետիկ և թվային գործընկերներ։
Նա անդրադարձել է նաև «Միջին միջանցքի» դերին՝ նշելով, որ Իրանի շուրջ լարվածության պայմաններում հարավային ուղիների սահմանափակման ֆոնին այն դառնում է հիմնական առևտրային ուղղություն։
Կոսի խոսքով՝ ԵՄ-ն աշխատում է տարածաշրջանի երկրների հետ՝ ենթակառուցվածքների զարգացման, այդ թվում՝ երկաթուղային նախագծերի և էներգետիկ համագործակցության ուղղությամբ։

