«Մեծ ալիքը» դեռ առջևում է և կլինի շատ շուտով.  Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփը նախազգուշացրել է, որ Միացյալ Նահանգները դեռևս ուժեղ հարված չի հասցրել Իրանին, «մեծ ալիքը» դեռ առջևում է և կլինի շատ շուտով:

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ այս պահին դեռ հստակ չէ՝ ով է ղեկավարում Իրանը, սակայն իսրայելա-ամերիկյան հարվածներից ղեկավար կազմի շուրջ 50 ներկայացուցիչ է ոչնչացվել:

«Մենք սկսեցինք պատերազմը, քանի որ Իրանը չէր պատրաստվում դադարեցնել միջուկային զենքի մշակումը։ Սա մեր վերջին և լավագույն հնարավորությունն էր հարվածելու համար։ Իրանն արդեն այնպիսի հրթիռներ ուներ, որոնք կարող էին հասնել Եվրոպա, և շուտով կունենար նաև Ամերիկա հասնող հրթիռներ։ Մեր նպատակները հստակ են՝ ոչնչացնել Իրանի հրթիռային ներուժը և նավատորմը, ապահովել, որ ահաբեկչության հովանավոր Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չբերի և չաջակցի ահաբեկիչներին իր սահմաններից դուրս։ Ի սկզբանե կանխատեսում էինք, որ պատերազմը կտևի չորսից հինգ շաբաթ, բայց մենք շատ ավելի երկար պայքարելու կարողություններ ունենք»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև չի բացառել Իրան ցամաքային ուժեր ուղարկելու հնարավորությունը, եթե նման անհրաժեշտություն լինի: Նա հավատացրել է, որ ԱՄՆ-ը անսպառ միջոցներ ունի և կարող է անվերջ պատերազմել: