ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ հրադադարի ժամկետը անորոշ ժամանակով երկարաձգելու մասին՝ դիվանագիտական գործընթացին հնարավորություն տալու նպատակով։
Axios-ի փոխանցմամբ՝ որոշումը կայացվել է Սպիտակ տանը ազգային անվտանգության թիմի հետ հանդիպումից հետո՝ հրադադարի ժամկետի ավարտից ժամեր առաջ։
Այս քայլը թույլ է տվել խուսափել ռազմական գործողությունների վերսկսումից և տարածաշրջանային էսկալացիայից։
Թրամփի խոսքով՝ որոշումը կայացվել է նաև Պակիստանի միջնորդների խնդրանքով՝ հաշվի առնելով Իրանի ներսում առկա տարաձայնությունները և միասնական դիրքորոշման անհրաժեշտությունը։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը շարունակելու է իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը, իսկ զինված ուժերը կմնան բարձր պատրաստվածության վիճակում։
Վաշինգտոնը նաև հետաձգել է փոխնախագահի այցը Իսլամաբադ՝ կապված բանակցությունների անորոշության հետ։
Փորձագետների գնահատմամբ՝ այս քայլը կարող է դիտարկվել որպես լարվածության մեղմացում, սակայն ԱՄՆ նախագահը նշել է, որ հրադադարը ժամանակավոր է և կախված է հետագա բանակցություններից։

